Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 24

Սկիզբը` այստեղ 

 

Աշխարհը մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին «ինչպես երբեք»… Այս մասին այսօր, РБК-ի փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բրեստի մարզում գտնվող «Օբուզ-Լեսնովսկի» համազորային զինտեխնիկայի ռամափորձադաշտում։ Այսինքն` ավելի մոտ է, քան նույնիսկ Կարիբյան ճգնաժամի ժամանակ էր մոտ միջուկային պատերազմին:

Այն մեծածավալ տեղեկատվությունը, որն առկա է մեր ձեռքի տակ, ամենօրյա ընթացակարգով մշակվում ու վերլուծվում է, ցավոք, վկայում է, որ Լուկաշենկոն այս հարցում չի չափազանցնում:

«Պետք է կանխատեսել ամեն ինչ և զգուշանալ ամեն ինչից,- ասել է Լուկաշենկոն:- Լավ, այսօր ո՞վ կարող է ասել, որ Երրորդ համաշխարհային պատերազմ չի սկսվելու։ Մենք ավելի մոտ ենք նրան, քան երբևէ» (մեջբերում BelTA-ից):

Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության առնչությամբ Լուկաշենկոն սխալվում է մի այլ հարցում, ինչին առաջիկայում դեռ կանդրադառնանք:

Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ, հերթական անգամ, Արևմուտքին զգուշացրել է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին մոտենալու մասին: Արևմուտքը զենք մատակարարելով Ուկրաինային, մոտենում է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին. Այս մասին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՆԱՏՕ-ի երկրները կարծես մեկը մյուսի հետ մրցակցելով, շարունակում են զենք և զինամթերք մղել Կիևի ռեժիմին, մատակարարել հետախուզական տեղեկատվություն, մարզել Կիևի վարչակարգի զինվորներին, տալ մարտական ​​գործողություններ վարելու կողմնորոշիչներ՝ դրանով իսկ մոտենալով Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին»,- ասել է Զախարովան։

Զախարովան հավելել է, որ Արևմուտքի ընդհանուր ռազմական օգնությունն Ուկրաինային արդեն կազմել է 42,3 միլիարդ դոլար, որից կեսից ավելին տրվել է ԱՄՆ-ից։

Նա ընդգծել է, որ այն երկրները, որոնք «նման ահռելի գումարներ են հատկացնում և զենք մատակարարում Կիևի վարչակարգին, իրենք և հանդիսանում են այդ ամենածայրահեղական գործունեության դոնորները, հովանավորները»։ Դրա համար էլ ՆԱՏՕ-ն ձգտում է «մեղադրել ցանկացածին, որպեսզի իր վրայից հեռացնի կասկածները»:

ՌԴ հատուկ ռազմական գործողության ընթացքում ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են ահռելի քանակներով արդիական զենք- զինամթերք, ռազմական տեխնիկա մատակարարել Ուկրաինային։ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինա արևմտյան զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի մատակարարումը միայն երկարացնում է հակամարտությունը, իսկ դրանք այնտեղ տեղափոխող տրանսպորտը դառնում է օրինական թիրախ ռուսական բանակի համար։

Որոշ առումներով կարելի է համարել, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսված է, սակայն Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ուղիղ ռազմական բախումը հավանաբար կսկսվի կամ ՌԴ զինված ուժերի կողմից վերոնշյալ տրանսպորտըի ոչնչացմամբ, կամ էլ ռամական գործողություններում ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի, Լատվիայի կամ (և) Լիտվայի ընդգրկմամբ:

Պաշտոնական Վաշինգտոնը Մոսկվային ուժի դիրքերից պայմաններ է առաջադրում Ուկրաինայի հարցով բանակցություններն սկսելու համար։ Այս մասին, ТАСС-ի տեղեկացմամբ , ասել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում։

«Եվ մեզ բանակցություններ է առաջարկում պաշտոնական Վաշինգտոնը,- ասել է Անտոնովը:- Առաջին պայմանը հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելն է. Երկրորդը` ամբողջ զորքերի դուրս բերումն է Ուկրաինայի տարածքից, կարդացեք ներառյալ՝ Ղրիմից, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։ Եվ երրորդ՝ սկսենք մտածել այն մասին, թե ինչպես ենք վճարելու փոխհատուցումները»։

«Այս հիմքով կարելի՞ է ինչ-որ բան պայմանավորվել,- շարունակել է դեսպանը:- Հնարավո՞ր է ընդհանրապես նման գաղափարներ հնչեցնել։ Այսինքն ՝ մեզ հետ նախկինի պես խոսում են ուժեղի դիրքերից»։

«РИА Новости»-ի տեղեկացմամբ , ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ այսօր հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ​​նշված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Բանակցությունները կայացել են այսօր, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Կասկած չունենք, որ զրույցը եղել է թեժ, թերևս աննախադեպ սուր, ինչի մասին, սակայն, չի հաղորդվում: ՌԴ պաշտպանության գերատեսչությունը Օսթինի հետ Շոյգուի շփումների մասին վերջին անգամ հայտնել է այս տարվա մայիսին։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան