Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ

Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը։

ՀԱՊ-ից մանրամասնում են՝ Մարտիրոս Սարյանի շուրջ ինը տասնյակ բարձրարժեք նկարազարդումները ներկայացնում են գրքային գրաֆիկայի ասպարեզում Վարպետի թողած հարուստ ժառանգությունը: Դրանց զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ:

Ներկայացված են Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի, Միխայիլ Լերմոնտովի, Վալերի Բրյուսովի և այլ հայտնի դասականների գրական երկերի, հայկական հեքիաթների, ինչպես նաև համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ պատկերազարդումները:

Ցուցադրությունն ամբողջացնում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի և Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերից գործեր՝ գրաֆիկական թերթեր, գրքեր, ինչպես նաև Եղիշե Չարենցի հանրահայտ դիմանկարը:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է նոյեմբերի 2-ին, ժ. 18:00-ին։ Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։

Մարտիրոս Սարյանի (1880, Նոր Նախիջևան – 1972, Երևան)՝ հայ ձեռագիր մատյաններից սնվող, հայրենի բնությունից ու կոթողներից ոգեղինացող մատենանկարչությունը մեր առջև բացում է նրա սերտ կապը գրական աշխարհի հետ, որը ծավալվում է տարածական ու ժամանակային սահմաններից անդին:

1910-ական թթ. Ռուսաստանում Սարյանի առաջին փորձերը գրքային գրաֆիկայի ասպարեզում նոր շունչ ու բովանդակություն ստացան հայրենիքում, որտեղ Հայպետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի նախաձեռնությամբ գրահրատարակչության ոլորտում ներգրավվել էր արվեստագետների մի համաստեղություն՝ Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Միքայել Արուտչյան, Տաճատ Խաչվանքյան…

Հանդես գալով իբրև յուրատիպ ճարտարապետ` Սարյանը տալիս է գրքարվեստի հիմնական սկզբունքների իր բանաձևը: Գիրքը պետք է կառույցի նման օժտված լինի  համամասնությունների ներդաշնակ հարաբերություններով, ծավալի ու չափերի միասնությամբ, բաղադրյալ մասերի՝ սկզբնազարդերի, վերջազարդերի, տեքստի ու պատկերների տրամաբանական միահյուսմամբ, «շքամուտքի դեր կատարող սուպերշապիկն ու տիտղոսաթերթը պետք է հոգեբանորեն տրամադրեն գեղեցիկի աշխարհը մտնելուն»:

Գրական ստեղծագործություններից զատ, Սարյանն անդրադարձել է նաև նշանավոր հեղինակների՝ Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Գուրգեն Մահարի, Կոստան Զարյան, Արշակ Չոպանյան, Վահան Թոթովենց, Մարիետա Շահինյան, Վիլյամ Սարոյան, Աննա Ախմատովա, Իլյա Էրենբուրգ, Ջոն Ստայնբեք… Վարպետի արվեստանոցում նրանց հանդիպումներն ու զրույցները հավերժացել են իբրև դիմանկարներ:
Ներկա ցուցահանդեսը նպատակ ունի հանրությանը ծանոթացնելու Վարպետի թողած մատենանկարչության հարուստ ժառանգությունը: Ցուցադրությունը սկսվում է հայ դասականներ Հ. Թումանյանի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի, Ա. Իսահակյանի գրական երկերի նկարազարդումներով: Սրահում տեղ են գտել նաև գրքային գրաֆիկայի ասպարեզում Սարյանի ստեղծած ամենավաղ պատկերազարդումները ռուս հեղինակներ Միխայիլ Լերմոնտովի, Վլադիմիր Էլսների և Վալերի Բրյուսովի գրքերի համար:

Հետհեղափոխական իրականությունում, երբ քաղաքական հրամայականը հետին պլան էր մղել ազգային թեմատիկան, Սարյանը փորձում էր չկորցնել հավասարակշռությունը՝ հաճախ համադրելով սոցիալիստականն ու ազգայինը: Վերջինիս պատճառով նրա որոշ ձևավորումներ մնացել են անտիպ: Այդ շրջանի գրքային գրաֆիկայի լավագույն նմուշներից են հաջորդ սրահում ցուցադրված Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու, Միքայել Նալբանդյանի, Մարիետա Շահինյանի ստեղծագործությունների ձևավորումները:

Նկարիչն անդրադարձել է նաև դասագրքերի ու մանկական գրականության պատկերազարդմանը: Գրչածայրի կամ վրձնի մեկ հպումով կյանք առած հեքիաթային մոտիվները մեզ տեղափոխում են դեռևս մանկուց հարազատ ու ծանոթ աշխարհներ…

Ցուցադրությունն ամփոփում են համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումները, որտեղ Սարյանի վիրտուոզ վրձինն ու վառ երևակայությունը պարսկական մանրանկարների ոգով կենդանացրել են արևելյան պատումներն իրենց ամբողջ հմայքով ու խորությամբ:

Ցուցահանդեսի մեկնարկի հետ կվերաբացվեն նաև Հայ հին և միջնադարյան արվեստի վերանորոգված և արդիականացված ցուցասրահները։