2023 թ. Հայաստանում պաշտպանական սեկտորի ծախսերը կաճեն 35 տոկոսով

2023 թ. կապիտալ ծախսերի զգալի մասը կհատկացվի պաշտպանության համակարգի, ինչպես նաև անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքի ֆինանսավորմանը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

2023 թ․ պաշտպանական սեկտորի ծախսերը կկազմեն 506 մլրդ դրամ։ Ըստ նախարարի՝ դա 35 տոկոսով կգերազանցի ծախսերի այն ցուցանիշները, որոնք սահմանված են 2022թ. ճշգրտված բյուջեով և կհասնի ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչը 0,9 տոկոսային կետով ավելին է ընթացիկ տարում սպասվող ցուցանիշից։

«Սոցիալական պաշտպանության ծախսերի ավելացումը նույնպես էական կլինի։ 2023 թ. դրանք կկազմեն 648 մլրդ դրամ՝ 10 տոկոսով գերազանցելով 2022թ. պետբյուջեով նախատեսված ծախսերը և դրանով իսկ ապահովելով 7 տոկոս մակարդակ ՀՆԱ-ի հանդեպ»,- նշել է Խաչատրյանը։