Արցախի համար ընդունելի է ռուսական տարբերակը՝ ստատուս-քվոյի պահպանումը՝ մինչև հարցի վերջնական լուծում. Հայկ Խանումյան

Այս պահին քննարկվող երկու մոտեցում կա՝ մեկը ստատուս քվոն պահպանելն է, որը այլ կերպ անվանում են ռուսական տարբերակ և կա երկրորդ մոտեցումը, որը կարող ենք բաժանել ամերիկյան և եվրոպական մասերի և ենթադրում է Արցախի ինտեգրացիա Ադրբեջանի կազմում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

«Բնականաբար ինտեգրացիան մեզ համար ամբողջովին անընդունելի տարբերակ է և այս փուլում ավելի ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը՝ մինչև հարցի վերջնական լուծում՝ արդեն մեր օգտին։ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Արցախի  ինքնորոշման իրավունքը, Արցախի անկախության միջազգային ճանաչումը առաջնահերթ հարցերից է, այդ ուղուց որևէ շեղում չի եղել»,- ասաց նախարարը։

Խանումյանն ասաց, որ ենթակառուցվածքների և այլ հարցերի շուրջ Ադրբեջանի հետ Արցախի իշխանությունները գտնվում են ուղիղ շփման մեջ։

«Դա իհարկե քաղաքական շփումներին չի վերաբերվում, ես խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը երբևէ քաղաքական բանակցություններ մեջ կմտնի Ստեփանակերտի հետ, դա ֆանտաստիկայի ոլորտից է», նշեց Խանումյանը։

Ինչ վերաբերում է Ադբրեջանի կազմում  արցախահայության անվտանգության երաշխքիներին Հայկ Խանումյանը ասաց, որ որևէ տարբերակով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության ներքո։

Արցախահայության՝ Արցախում ապրելու  անվտանգության միակ երաշխիքը ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, այլ տարբերակը բերելու է ցեղասպանության, բոլոր այն կողմերը, որոնք պնդում են ինտեգրացիա և այլն, Արցախի ժողովրդին ուղղում են դեպի ցեղասպանություն, որևէ հայ որևէ դեպքում չի կաող մնալ Արցախի իշխանության ներքո»,- հավելեց նախարարը։