Ուկրաինան միջուկային սադրանք է նախատեսել «Իսկանդեր»-ի հրթիռին նմանեցված հրթիռի օգտագործմամբ և Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտ

Ռուսական կողմի սկանդալային բացահայտումը

 

Այսօր հայտնի դարձավ, որ Կիևի վարչակարգն արդեն ավարտել է, այսպես կոչված, «միջուկային կեղտոտ ռումբով» սադրանքի տեխնիկական նախապատրաստումը:

Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության իրավիճակին ծանոթ աղբյուրը, ուկրաինական «Յուժմաշ» ձեռնարկության մասնագետները ռուսական «Իսկանդեր» օպերատիվ- մարտավարական հրթիռային համալիրի հրթիռի նմանությամբ կեղծ հրթիռ են պատրաստել, որի կասետային մարտագլխիկը նախատեսվում է լցոնել ռադիոակտիվ նյութերով: Սադրանքի հեղինակները նախատեսել են այնուհետև ներկայացնել, թե «ռուսական» հրթիռն Ուկրաինայի ՀՕՊ ուժերով խփվել է Չեռնոբիլի ատոմակայանի մոտ, և հայտարարել Ռուսաստանի զինված ուժերի կողմից միջուկային լիցքի արձակման մասին։

Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ «Իսկանդեր»-ի հրթիռի մուլյաժը պատրաստվել է Ուկրաինայի ԶՈւ սպառազինության կազմում առկա «Տոչկա-Ու» հրթիռային համալիրի հրթիռի հիման վրա։

Նկատենք, որ դրանք արտաքնապես որոշ չափով նման են իրար, տարբերվում են հիմնականում թևերի տեղով ու, թերևս, չափերով: Բացի այդ, «Իսկանդեր» համալիրի հրթիռն է ընտրվել, որովհետև, գաղտնիք չէ, որ այն կարող է ունենալ նաև ոչ մեծ հզորության, մարտավարական նշանակության միջուկային մարտագլխիկ (հրթիռի գլխամասում, սովորականի փոխարեն, կարող է դրվել միջուկային մարտագլխիկ):

«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի տեղեկացմամբ, այն բանից հետո, երբ մուլյաժը «կխփվի», Կիևի իշխանությունները մտադիր են արևմտյան և ուկրաինական լրատվամիջոցներին ցույց տալ «Իսկանդեր»-ի հրթիռին արտաքնապես նման մուլյաժի կտորները և իբր թե «Իսկանդեր»-ի հրթիռի էլեկտրոնիկայի տարրերը, որպեսզի արևմտյան հանրությանը համոզեն Ռուսաստանի մեղավորության մեջ:

Եվս մեկ նկատառում. «Իսկանդեր»-ի հրթիռին նմանեցված «Տոչկա-Ու»-ի հրթիռը կարող է ոչ թե խփված ներկայացվել, այլ արձակվել և իրականում խփվել երկնքում: Ի տարբերություն «Իսկանդեր»-ի հրթիռի, Ուկրաինայի ՀՕՊ-ը կարող է խփել «Տոչկա-Ու»-ի հրթիռը, իսկ եթե մարտագլխիկի ոչ թե պայթելու, այլ վնասվելու հետևանքով ոչ մեծ տարածքի ռադիոակտիվ աղտոտվածություն առաջանա, ապա այն Ուկրաինայի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությանն առանձնապես չի հուզի, քանի որ այդ տարածքները 1986 թվականին Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով արդեն իսկ ռադիոակտիվ աղտոտվածության ենթարկվել են:

Բացի վերոնշյալից, Չեռնոբիլի ԱԷԿ-ն ընդամենը 16 կիլոմետր է հեռու Բելառուսի պետական սահմանից, այսինքն` նշված ատոմակայանի մոտ ռադիոլոգիական զենք հանդիսացող մարտագլխիկի վնասվելու հետևանքով առաջացած ռադիոակտիվ աղտոտվածությունը միայն մասամբ կարող է ընդգրկել Ուկրաինայի տարածքը… Թերևս հենց այս ամենը նկատի առնելով է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը որպես հիշյալ սադրանքի իրականացման վայր ընտրել են Չոռնոբիլի ԱԷԿ-ին մոտ գտնվող տարածքը:

Հիմա երբ ռուսական կողմը նախապես ու ժամանակին բացահայտել և հրապարակել է պաշտոնական Կիևի կողմից նախապատրաստվող սադրանքի մանրամասները, կարելի է ենթադրել, որ Զելենսկին ու մյուսները ստիպված են լինելու կամ ընդհանրապես հրաժարվել դրանից, կամ ռադիոլոգիական զենքն Ուկրաինայի մեկ այլ վայրում են կիրառելու և, որպեսզի շատ ճչուն չլինի, որ դրա կիրառողն իրականում ոչ թե Ռուսաստանը, այլ իրենք են, ինչ- որ չափով հետաձգելու են ռադիոլոգիական զենքի գործածումը:

Հնարավոր է նաև, որ Զելենսկին, Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենց խիստ վտանգավոր նպատակներին հասնելու համար, զանգվածային բնաջնջման վերոնշյալ զինատեսակի կիրառումը փոխարինեն զանգվածային բնաջնջման մեկ այլ զինատեսակի մասնավորապես, կենսաբանական զենքի օգտագործմամբ, որովհետև արդեն իսկ ձեռք են բերել ԱԹՍ-ներ, որոնց միջոցով կարող են վիրուսները կամ այլ մանրէներ երկնքից շաղ տալ, տարածել զինվորականների կամ բնակավայրերի վրա:

 

Արթուր Հովհաննիսյան