Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարեվերջ պետք է կնքեք խաղաղության պայմանագիրը. Գագիկ Մելքոնյան

Խնդիրը դրված է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքենք, բայց դա կլինի, թե ոչ, ոչ ոք չգիտի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարեվերջ պետք է կնքեք այդ պայմանագիրը: Բայց Լյուքսեմբուրգից հետո Ալիևը կանգնեց ու Աստանայում ասաց, որ Ռուսաստանն է դադարեցրել պատերազմը, սկսեց հոխորտալ, այս ամեն ինչից երևում է, որ մինչև տարեվերջ դժվար թե խաղաղության պայմանագիր կնքենք»,-ասաց նա:

Գագիկ Մելքոնյանի խոսքով, մենք պետք է հասկանանք, որ մենք ենք կռվելու մեր երկրի համար, ոչ ոք չի գա էստեղ մեզ համար կռվի: «Դրա համար պետք է մեր ժողովուրդը համախմբվի, և մենք կարողանանք մեր երկիրն այս վիճակից հանել»:

Հարցին, թե որ առաջարկներն են ավելի բարենպաստ Հայաստանի համար՝ Արևմուտքի՞, թե Ռուսաստանի, Մելքոնյանը պատասխանեց. «Բարենպաստն այն է, որ մենք կարողանանք թշնամուն դուրս քշենք մեր սահմաններից, կարողանանք մեր երկրի սահմանները պահենք: Այսօր արդեն միջազգային կառույցները ստիպում են Ադրբեջանին: Եվրոպացի դիտորդների արձանագրություններից է կախված, որ այդ գործողությունները պետք է կատարվեն: ԱՄՆ-ը, Ֆրանսիան ասել են, որ հետ գնացեք ձեր նախկին դիրքերը»:

«Մենք ուզում ենք 1991 թվականի ԱՊՀ ստեղծման ժամանակ հաստատված սահմաններով ունենանք մեր երկիրը և խաղաղություն կնքվի. մենք գնում ենք դրան, զիջելու բան չունենք,- նշեց ՔՊ-ական պատգամավորը: