Հերոս Հայկազ Մկրտչյան․ Հերոսները մեզնից ողջ են, հերոսները մեզնից ներկա են

Հայկազ Մկրտչյան

Հերոս, որին նախախնամության շնորհիվ ճանաչել եմ շատ վաղուց, երբ Հայկազն ու ավագ որդիս՝ Արմենակը մասնակցում էին նույն շախմատային մրցաշարերին: Տպավորվել է, թե ինչպես էր Հայկազը պարտիայի ավարտից հետո իջնում Շախմատի տան աստիճաններով: Այն ժամանակ չգիտեի, որ հերոսի հետ եմ շփվում, բայց նրա աստիճաններով իջնելը տպավորվել էր:

Հայկազը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երեւանում: Վեց տարեկանից շախմատի դպրոց էր գնում: Հայկազն ընդունվեց 2018 թվականին ընդունվեց Երեւանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Ծրագրեր, երազներ ուներ, որ պետք է իրականացներ: Ֆուտբոլ շատ էր սիրում: Ֆան ակումբի անդամ է: Հիմա մարզադաշտում Հայկազի եւ Աբգարիս ու եւս այլ հերոսների նկարներով հսկա պաստառը գրեթե միշտ տեղադրված է ամենակենտրոնում:

2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվեց հայկական բանակ։ Կրտսեր սերժանտ, հաշվարկի հրամանատար: Հասցրեց մասնակցել 2020-ի հուլիսյան մարտերին, իսկ երբ սկսվեց 44-օրյան Տավուշից տեղափոխվեց Արցախ:

Հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Թաղավարտի, Դրախտիկի եւ Ազոխի մարտերին: Խելագարվում էր, երբ նահանջ հրամաններն էր ստանում: Չէր հասկանում ինչ է կատարվում: Վիրավորվեց 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայում, Երկինք բարձրացավ նոյեմբերի 9-ին:

Հայկազի մարմինն ամփոփված է Եռաբլուրում:

Մի օր դուստրս արթնանում է այն մտքով, որ պետք է անպայման այցելի Հայկազի շիրիմին: Ամուսնու հետ գնում են Եռաբլուր: Դուստրս պատմում է, որ ոտքերն իրեն տարան եւ կանգնեցրին հերոսի շիրիմի մոտ:

Հերոսները մեզնից ողջ են, հերոսները մեզնից ներկա են:

 

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից