ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ձևավորելու պայմանագրի նախագծի որոշ դրույթներ պետք է կարգավորվեն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կարևորել է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորումը:

«Էներգետիկ ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ճյուղային շուկաների ձևավորմանը դառնում է ոչ միայն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլև տնտեսական ինտեգրման ներուժի իրացման և արդյունաբերության ոլորտի լիարժեք զարգացման ռեսուրսային հարթակի անհրաժեշտ պայման»-ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթների կարգավորման շուրջ, որի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջ ծավալով օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից.

«Հակառակ դեպքում ԵԱՏՄ անդամ երկրները մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը։ Սա շատ զգայուն թեմա է, և մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը առնվազն միջնաժամկետ հեռանկարում»,- նշել է Փաշինյանը։