Ազգային ջոջերը շարունակում են հրճվել բարոյական հաղթանակներով

Թուրքիան ռմբահարումներով այս երկու օրը ավերում է թուրք-սիրիական սահմանից ներս ընկած քրդական տարածքները։ Իրենց մեկնաբանմամբ դա պետք է անվտանգության համար։ Փաստացի այսօր չկա մի ուժ, պետություն կամ միջազգային կառույց, որ կարողանա զսպել Անկարային։ Էրդողանը ինչ ուզում՝ անում է, իզուր չէր ասում, որ եթե ուզենք մի գիշերվա մեջ կգանք ու բոլորի հարցերն էլ կլուծենք։ Նրա համար միջազգային հանրություն, դեմոկրատիա, մարդու իրավունքներ, տարածքային ամբողջականություն, միջազգային իրավունք և նմանատիպ այլ արժեքներ աշխատում են միայն այն ժամանակ, երբ դա համընկնում է երկրի ազգային պետական շահերին։ Պատահական չէ, որ Օսմանյան ժամանակներից սկսած թուրքական պատմության մեջ բարոյական հաղթանակներ երբևիցե չեն եղել։ Իրատես են և հաշվենկատ, խորամանկ են և հեռատես, հայտնվում են ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ Մանյովրում են ֆանտաստիկ հմտությամբ։ Երկու ոտքի փոխարեն բազմաթիվ ոտքեր ունեն։ Մի ոտքով ՆԱՏՕ –ի մեջ են, մյուսով Ռուսաստանի հետ, մեկ այլ ոտքով Կիևում խաղեր են տալիս, մյուսով միջնորդական խաղաղարար հացի գործարք են իրականացնում, կարևոր ու պահանջված են և Բրյուսելում, և Սամարղանդում և ամենուր։ Ասում են՝ Ղրիմը Ուկրաինայինն է, ռուսները համր են ձևանում, բայրաքթարներ են մատակարարում Կիևին, Պուտինը իբր տեղյակ չի, ընդհակառակը գազն ուղղում է դեպի Թուրքական հոսք, Ալիևի ձեռքը բռնած ԵՄ հուսալի գործընկեր է … և այսպես անվերջ։ Իսկ Երևանում շարունակվում է արևմտամետ- ռուսամետ դարակազմիկ դատարկաբանությունը։ Ազգային ջոջերը շարունակում են հրճվել բարոյական հաղթանակներով, հաղթանակներ են տանում միջազգային փուչ կառույցների դատարկ դահլիճներում, անընդհատ սրա նրա պորտը տեղն են դնում և հերոսանում։ Հիշեք, իրավունքից խոսում է նա, ով ուժ ունի, հարց լուծելիս մոռացեք բարոյականության մասին, միշտ ապավինեք նրան, ով ներկա է ոչ թե խոսքով, այլ զորքով։

Քաղաքագետ, Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից