Սա հերթական պատասխանն է այն պնդումներին, թե իբր «30 տարի ոչինչ չի արվել», «թալան», «տուշոնկա» և այլն

Այսօր Բաքվի բռնապետը հերթական անգամ անդրադարձել է Արցախում ականապատման խնդրին՝ պնդելով, որ այնտեղ հայկական կողմը տեղադրել է ավելի քան մեկ միլիոն ական։ Ըստ նրա, Արցախի օկուպացված տարածքի ականազերծման համար Ադրբեջանից կպահանջվի 30 տարի և շուրջ 25 մլրդ դոլար։

Սա հերթական պատասխանն է այն պնդումներին, թե իբր «30 տարի ոչինչ չի արվել», «թալան», «տուշոնկա» և այլն։ Արվել է, և արվել է խելամտորեն․ ոչ թե 200 մլն դոլարի չկրակող ինքնաթիռներ են գնվել, այլ նվազագույն միջոցներով այնպիսի ականային պատնեշ է ստեղծվել Ադրբեջանի դեմ, որը վերջինս չի կարող հաղթահարել նույնիսկ տասնամյակների ընթացքում և միլիարդավոր դոլարներ ծախսելու գնով։

Եվ սա դեռ այն պարագայում, երբ նախընտրական դիվիդենտներ շահելու ակնկալիքով Հայաստանի դե ֆակտո իշխանությունները Ադրբեջանին հանձնեցին Արցախի ականապատման քարտեզների մեծ մասը։

Ընդ որում, ականապատման փաստը նախ և առաջ ռազմավարական խնդիր է լուծում՝ առնվազն տասնամյակներ շարունակ անհնար դարձնելով Արցախի օկուպացված տարածքների արագ բնակեցումը։ Պատահական չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է մինչև 2026թ-ը Արցախի օկուպացված տարածքներում բնակեցնել  ընդամենը 66 հազար քաղաքացի։

Կործանարար պատերազմից հետո Հայաստանի արագ վերականգնումը մեզ հնարավորություն կտար/(երկրում շրջադարձային փոփոխությունների դեպքում հիմա էլ կտա) օգտագործելու այս ժամանակահատվածը, վերաիմաստավորելու և վերսկսելու Արցախի համար մեր սրբազան պայքարը։

Հենց այս գիտակցումով է Ադրբեջանը փորձում օր առաջ Հայաստանին պարտադրել «խաղաղության համաձայնագիր» և սահմանների դելիմիտացիա` մեկընդմիշտ փակելով Արցախի հարցը և նույնիսկ տեսականորեն անհնար դարձնելով Արցախի վերածննդի հեռանկարը։

Դերենիկ Խաչատրյան