Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Տավուշի մարզ։  Հովք գյուղում նրան դիմավորել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ուղեկցել Հովքի «Ուսուցման կանաչ» կենտրոն։

Հայկ Ղալումյանը տիկնոջը տեղեկացրել է, որ կենտրոնը հիմնադրվել է 2021 թ.-ին «Կանաչ արահետ» ՀԿ նախաձեռնությամբ, ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ֆինանսական աջակցությամբ։

«Կանաչ արահետ» հկ-ն 8 տարի առաջ մեկ այլ՝ ավելի մեծ կենտրոն էր հիմնել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։Տեղեկացնում են  Աննա Հակոբյանի գրասենյակից։

«Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանը ներկայացրել է կենտրոնի աշխատանքը: Աննա Հակոբյանը շրջել է ինտենսիվ այգում, ծանոթացել կենտրոնի ծրագրերին, գործունեությանը: Կենտրոնում բերքն ամբողջովին օրգանիկ է: Աճեցնում են հիմնականում բարձրարժեք մշակաբույսեր, որը հնարավորություն է տալիս փոքր տարածքից մեծ եկամուտ ստանալ: ՀԿ-ն ներդրումային ու խորհրդատվական ծառայություններ է մատուցում, խրախուսում է գյուղաբնակ երիտասարդությանը զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ:

Կենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում նաև գյուղական զբոսաշրջությանը, տարածքում ունեն տնակներ` գյուղացիներին բիզնես մոդելը ցույց տալու համար: Աննա Հակոբյանը զրուցել է կենտրոնի աշխատակիցների հետ, ծանոթացել ընթացիկ ծրագրերին։