ԵԽԽՎ զեկույցում նշվում է՝ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել. Ավետիք Չալաբյան
Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) միաձայն ընդունեց իր մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստած զեկույցըլ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Այս մասին գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թեև զեկույցը ընդհանուր առմամբ դրական է գնահատել Հայաստանի կողմից ստանձնված պարտավորությունների կատարումը, այնտեղ հատուկ անդրադարձ կա իմ նկատմամբ 2022 թ․ մայիսին հարուցված քրեական գործին։ Մասնավորապես, զեկույցում արդարացիորեն խորը մտահոգություն է հայտնվում առ այն, որ ՀՀ գործող իշխանությունները ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն օգտագործվել են ինձ քաղաքականապես պատժելու նպատակով, փաստացի չունենալով դրա համար բավարար իրավական հիմք։
Զեկույցը նաև նշում է, որ խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն՝ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։ Այս կապակցությամբ մեր պաշտպանական թիմը վաղուց է պնդել, որ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը, որով գործող իշխանությունները փորձում են ինձ պատժել, հասահամանադրական և ոչ իրավաչափ է։ Դեռ 2022 թ․ օգոստոսին համապատասխան միջնորդություն է ներկայացվել Առաջին ատյանի դատարան՝ դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան այդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը քննելու նպատակով, սակայն այդ դատարանը, որն ի սկզբանե ակնհայտ կողմնակալ էր իմ նկատմամբ, մերժել էր այդ միջնորդությունը:
Այս չարաբաստիկ հոդվածը, թեև առաջինը Հայաստանում կիրառվել է իմ նկատմամբ, ներկայումս դագանակ է դարձել ընդդիմադիր տարբեր գործիչների դեմ, մասնավորապես, նույն այդ հոդվածով այժմ մեղադրվում է ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ընդ որում, այս հոդվածը բացարձակ կամայական և կանխակալ է կիրառվում՝ մասնավորապես, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտնի էին դեպքեր, երբ իշխանության թեկածուի հանրահավաքներին մասնակցելու համար սոցիալական ցանցերում բացահայտ նյութական խրախուսում էր առաջարկվում, սակայն այդ կապակցությամբ իշխանությունները որևէ քրեական գործ չհարուցեցին, և որևէ մեկը մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել։
Ի հավելումն, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն իրենց համատեղ զեկույցում ՀՀ կառավարությանը տարվա սկզբին կոչ էին արել Քրեական օրենսգրքի այս հոդվածի փորձագիտական եզրակացության համար դիմել Վենետիկի հանձնաժողով։ ԵԽԽՎ համազեկուցողները ևս հաստատում են, որ նման եզրակացության կարիք կա, ուստի հարցն այժմ գտնվում է ՀՀ գործող իշխանությունների դաշտում, որոնց նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը 2022 թ. հունիսին այս փաստացի հակասահմանադրական փոփոխությունն է իրականացրել ՀՀ Քրեական օրենսգրքում:
Մենք մեր կողմից հետամուտ կլինենք, որպեսզի ՀՀ Սահմանադրական դատարանը ի վերջո քննի այս հոդվածի սահմանադրականության հարցը, մինչ այդ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իրավապաշտպան կազմակերպությունների բոլոր այն գործընկերներին, որոնց համատեղ ջանքերով այս հարցը տեղ գտավ ԵԽԽՎ զեկույցում, և նորից վերադարձավ հանրային օրակարգ»։