Անկախ նրանից՝ այս իշխանությունը կստորագրի շինծու «խաղաղության պայմանագիր», թե ոչ, նա արդեն տվել է հիմնական մեսիջները

Քաղաքական գործիչ և վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Պետք է հասկանալ, որ անկախ նրանից՝ այս իշխանությունը կստորագրի համապարփակ կատիտուլյացիա (շինծու «խաղաղության պայմանագիր»), թե չի ստորագրի, նա արդեն տվել է հիմնական մեսիջները։

Առաջինն ու ամենակարևորը`Հայաստանի իշխանությունների համաձայնությունն է Արցախի հիմնախնդրի տեղափոխումը դե յուր է  Ադրբեջանի «ներքին հարցերի տիրույթ» ,այսինքն՝ Արցախի Հանրապետության քաղաքական  կազմաքանդմանը, ինչը իր հերթին կբերի խաղաղապահների առաքելության իրավական ավարտի ( քանզի այս պարագայում Ադրբեջանը միանշանակ չի երկարացնի խաղապահների մանդատը), հետևաբար այս ամենը կավարտվի  արցախցիների վտարման/ոչնչացման գործընթացներով։

Ընդ որում, արդեն ակնհայտ հայտարարվում է, որ այլևս Հայաստանը իբր չունի հնարավորություն «տիրություն անել» Արցախի Հանրապետությանը ռազմադիվանագիտական առումով (ՀՀ ԱԺ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունը, որտեղ վերջինս ասաց, որ Հայաստանն իբրև թե չունի Արցախի անվտանգությունն ապահովելու ռեսուրսներ)։

Այս պարագայում արդեն անիմաստ է հիշեցնել  այս իշխանություններին, որ արցախցիները «դե յուրե» Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են քանզի կրում են հայկական անձնագրեր, իսկ Սահմանադրությամբ Հայաստանը ՊԱՐՏԱՎՈՐ Է  պաշտպանել իր քաղաքացիներին ամենուրեք։

Ի դեպ, դատելով «դրսերի» մեկնաբանություններից, արտահոսքերից, նույն եվրաամերիկյան գլոբալ կենտրոնների լցոնումներից, Հայաստանի «անվտանգության» դիմաց Արցախը հանձնելու սխեման տարածաշրջանի ապագա կոնֆիգուրացիան կառուցելու` նաև Արեմուտքի ռազմավարական տեսլականն է հանդիսանում։

Եվ այստեղ հարցը Հայաստանի անվտանգությունը չէ, հարցը Արցախի և Հայաստանի տարածքից ռուսական ռազմական ներկայության հնարավորինս արագ արտաքսման համար պայմաններ ստեղծելն է։

Հայաստանի իշխանությունը, որը իսպառ զուրկ  է պետական մտածողությունից և ռազմավարական տեսլականից, բաղկացած է իրավիճակը սթափ  վերլուծելու և գնահատելու բոլորովին անընդունակ մարդկանցից։

Օրինակ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ՀՀ իշխանությունը անմիջապես  առաջնորդեց մի քաղաքական գիծ, որը ըստ էության վտանգները չեզոքացնելու տեղը, նույն վտանգները նվազագույնը եռապատկեց, փորձելով Հայաստանի և Արցախի ազգային շահերի զիճման հաշվին ստանալ «խաղաղություն» ։

Բայց հետո «շփոթմունք» եղավ։

Վերոնշյալ սխեմայի արտաքին հեղինակները «մոռացել են» զգուշացնել իրենց խնամակալներին (Հայաստանի իշխանություններին), որ Արցախը Հայաստանի հետ փոխանակելու ծրագրի ներդաշնակ կառուցվածքում էական դետալ է մխրճվել։

Թուրք-ադրբեջանական տանդեմին Արցախը որպես այդպիսին պետք չէ։

Արցախը տարածաշրջանում «նոր կարգերի» գլոբալ ձևավորման տարրերից մեկն է միայն, որտեղ հիմնական նպատակը Թուրքիայի և մայրցամաքային Ադրբեջանի միջև ցամաքային ՍԱՀՄԱՆԻ ապահովումն է։

Այս պլանի իրականացումը ապրիորի հակասում է  Հայաստանի էթնո-քաղաքական ներկայությանը տարածաշրջանում։

Ակնհայտ է նաև, որ Սյունիքի բռնակցումը միջանցք / լոգիստիկ կապ բացելու անվան տակ չի փակում հայկական հարցը թուրքերի համար, քանի որ  Հայաստանի Հանրապետության ներկայությունը տարածաշրջանում որպես քաղաքական  միավոր թուրք-ադրբեջանական տանդեմի համար հղի է ապագայում ռիսկերով, քանի որ իրենք հասկանում են, որ ներկայիս  իշխանությունը հավերժ չէ, և ապագայում  հայերը կարող են վերափոխել իրավիճակը և չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր ձեռքբերումները։

Եվ դրա համար, անկախ նրանից, թե այս կառավարությունը «խաղաղության պայմանագիր» ստորագրի, թե չի ստորագրի, մեծ պատերազմը տարածաշրջանում գրեթե անխուսափելի է, և իրադարձությունների նման զարգացումից խուսափելու միակ միջոցը Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականության արմատական վերանայումն է։

Սակայն…

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կվերանայեն իրենց քաղաքականությունը վերը նշված փաստերի լույսի ներքո։

Ո՛չ։

Հայաստանի իշխանություններն ունե՞ն արտաքին սպառնալիքներին արդյունավետ դիմադրություն կազմակերպելու ներքաղաքական ռեսուրս։

Ո՛չ։

Մնացածը, ինչպես ասում են, ընդամենը ածանցյալներ են»։

Արման Աբովյան