Հորդորում եմ պղտոր ջրում ձուկ չորսալ. Դավիթ Համբարձումյան

Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Մեր օրերում ժամանակակից ու խիստ արդիական է դարձել համացանցում արվող գրառումների միջոցով «հեղինակություն» ձեռք բերելը…

Բայց, տեղին է հիշել հայտնի այն խոսքը, որ ժողովուրդը լավ գիտի, թե ով՝ ով է…

Ուզում եմ անդրադառնալ մի բնակչի կողմից ֆեյսբուքյան հարթակում արված գրառմանը, որը վերաբերում է Ռանչպար-Մասիս ճանապարհի անմխիթար վիճակին:

Տեղեկացնեմ, որ ի սկզբանե կարևորել եմ բնակավայրերի համաչափ զարգացումը, և մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր խնդիր, և թող ոչ ոք իրեն ավելի սրտացավ չհամարի:

Տեղեկացնեմ նաև, որ վերոնշյալ ճանապարհահատվածի վերանորոգման համար գումար հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, և աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, և կհորդորեմ այդ բնակչին մեկ անգամ էլ անցնել նշյալ ճանապարհով:

Ինչ վերաբերում է Մասիսի համայնքապետի աշխատասենյակում տեղի ունեցած ողբերգական դեպքին, որին նույնպես անդրադառնում է «մտահոգ» բնակիչը, ապա ասեմ, որ տեսախցիկները ֆիքսել են ամեն ինչ, և համապատասխան կառույցները կտան իրական պատասխանը:

Պարզապես հորդորում եմ՝ պղտոր ջրում ձուկ չորսալ…

 

Դավիթ Համբարձումյան