Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի վիշտն ու ցավը. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսք է հղել Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

«Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտիայի Հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ողբերգական պատահարի զոհ դարձած աշակերտների և մեծահասակների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։

Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք կորստի վիշտն ու ցավը»,- ասվում է հաղորդագրությունում։