Սիրահարված Արցախին` Դավիթը Հադրութից հայրենի Վեդի վերադառնալ չէր էլ դիտարկում
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանին։
«Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանին իր զինվորները հիշում են մեծ ոգևորությամբ․ հրամանատարից ստացած ուժը թև է տալիս նույնիսկ նրա բացակայությունից երկու տարի անց:
Ծնողների ցանկությանը հակառակ` Դավիթն ընդունվել էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան` հստակ որոշելով շարունակել զինվորական հոր ճանապարհն ու ծառայությամբ արտահայտել իր անսահման սերը դեպի հայրենիքը:
Զինվորական համազգեստ կրելու 10 տարիների ընթացքում յուրաքանչյուր օր Դավիթի համար ծառայություն էր իր հայրենիքին:
Դավիթը ծառայությունը սկսել էր Հադրութում ավագ լեյտենանտի կոչումով։ Նա դասակի հրամանատար էր։ 44-օրյա պատերազմից օրեր առաջ ստացել էր փոխգնդապետի կոչում` դառնալով գումարտակի հրամանատար: Սիրահարված Արցախին` Դավիթը Հադրութից հայրենի Վեդի վերադառնալ չէր էլ դիտարկում:
Դավիթի զինվորների սխրանքների մասին շատերն են խոսում․ առանց մեծաքանակ զինամթերքի նրանց հաջողվել է գրավել թշնամու 3 և ոչնչացրել 37 տանկ:
Թշնամու տանկերից մեկի ճանապարհը սեպտեմբերի 30-ին Դավիթը պահում է իր մարմնով, վիրավորվում և շարունակում մարտ վարել այնպես, որ զինվորները չեն նկատում նրա վիրավոր լինելը: «Ոչ մի քայլ հետ» իր սկզբունքին հավատարիմ մնալով և իր տղերքին մենակ չթողնելով՝ զոհվում է:
Դավիթը երկու երեխա ունի` Անին ու Վանը, ում աչքերում Դավիթը աշխարհի ամենահոգատար հայրն էր:
Կինը՝ Հռիփսիմեն նշում է, որ Դավիթն օգնում էր բոլորին, հույս ու ուժ տալիս։ Եվ ինքը շարունակում է Դավիթի այդ առաքելությունը՝ հիմնադրելով «Դավիթ Ղազարյան» բարեգործական հիմնադրամը, որը աջակցելու է զինծառայողների ընտանիքներին։
Դավիթ Ղազարյանը հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել:
Դավիթ Ղազարյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է»: