Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական ջոկատը դեռ հետ չի քաշվել. ՊՆ խոսնակ

Առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Զոհվածների անունները չհրապարակելու մասին հարցին խոսնակը նշեց, որ ՊՆ-ը երբեք չի ասել, թե չի հրապարակելու:

«Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են վերջնական ճշգրտումից հետո»,- նշեց խոսնակը:

Հարցին, թե Հայաստանի սահմաններին հակառակորդը շարունակո՞ւմ է ուժեր կուտակել, ՊՆ խոսնակը պատասխանեց․

«Զինված ուժերը ողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները։ Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ նյութական և այլ: Կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:

Հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե՞ ինչպես ԳՇ պետն ասաց՝ «սպասում եք, որ պաշարները վերջանան և ինքնուրույն հետ գնան», ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական մի ջոկատ, մոտ 10-12 հոգանոց, շրջափակման մեջ է և եթե սնունդ և այլ ռեսուրսներ չստանա, հետ կքաշվի և կմիանա իրենց մնացած ուժերին: