Ի՞նչ է խոսել Էրդողանն այսօր ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանում
«Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ ազատի օկուպացված տարածքները»,-ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին հայտարարեց Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և շարունակեց. «Մեր մոտ պատմական հնարավորություն է ստեղծվել մշտական խաղաղություն և կայունություն հաստատել Հարավային Կովկասում: Թուրքիան զգալի միջոցներ է գործադրում որպեսզի օգտագործի այդ հնարավորությունը և աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացին: Վերջին բախումները ստվեր գցեցին բոլոր պոզիտիվ առաջխաղացումների վրա, բայց, այնուամենայնիվ, կհաջողվի երկու երկրների միջև հասնել կայուն խաղաղության»:
Այնուհետև Էրդողանն ասաց, որ իրենք միշտ կլինեն իրենց ադրբեջանցի եղբայրների և քույրերի կողմից:
Թուրքիայի նախագահը խոսեց նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման մասին՝ ասելով. «Տրանսպորտային ուղիները ևս մեկ թեման է, որը բոլորիս է հուզում և դրանց բացումը բարեկեցություն կբերի բոլորի համար»: