Քանի Նիկոլ- աղետն իշխանության ղեկին է, Արցախին ու Հայաստանին նոր աղետներ են սպասվում. 2

Սկիզբը` այստեղ

Աշխարհում երեք պետություն կա, որոնց ղեկավարները հանդիպելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սեղմում են նրա ձեռքը, ժպտում, երբեմն նույնիսկ ողջագուրվում, իսկ իրենց հոգու խորքում ատում են նրան ու նրա ղեկավարած երկիրը:  Եվ ոչ միայն ատում, այլև հարմար պահի կամ ԱՄՆ-ի, Արևմուտքի հրահանգը ստանալու դեպքում պատրաստ են համապատասխան քայլերի…

Ոմանք գուցե արդեն կռահեցին, որ նրանցից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, երկրորդն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ երրորդը` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը:

Կարծես թե եկել է ժամանակը` վերը նշված հարմար պահը, կամ էլ ԱՄՆ-ից է համապատասխան հրահանգն արդեն ստացվել, և Նիկոլն ու նիկոլենք սկսել են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար աղետալի այդ քայլերը: Ճիշտ է, առայժմ դեռ ոչ վերջնական փուլի` ՀԱՊԿ-ից դուրս գալու, «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բերեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը խզելու, Ռուսաստանին Հայաստանից իր 102-րդ ռազմաբազան հանելու պահանջ առաջադրելու, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կործանարար գիրկը վազելու և Թուրքիայի հայասպան գրկում հայտնվելու, այլ այդ ամենը նախապատրաստող, դրանց տանող քայլերը:

Վերջին օրերի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները, Արևմուտքի կողմից ուղղորդվող ու նրա գործիք ԶԼՄ-ների հրապարակումները, սոցիալական ցանցերում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ կատարվող հազարավոր գրառումները (հիմնականում ՔՊ- ական, նիկոլական, սորոսական և արևմտամետ այլ շրջանակների կողմից) ուղղակի վկայությունն են վերոնշյալ եզրակացության:

Ընթերցողների մի մասը գուցե չհավատա վերը շարադրվածին, բայց չհավատացողները թող չշտապեն չհավատալու հարցում: Նրանք ժամանակին չէին հավատում նաև, որ Նիկոլը պատերազմով է հողերը (իրենց համար դա սոսկ հող էր, մինչդեռ խոսքը մեր ազատագրված հայրենիքի մասին էր) հանձնելու, ինչին մասին Քառասունչորսօրյա պատերազմից առաջ բազմիցս գրել ենք մեր հոդվածներում և զգուշացրել նաև հաղորդումներում: Հանձնեց, Շուշին ու Հադրութն էլ` վերադիր…

Ինչպես արդեն նշել ենք Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից մոտ 4 ժամ հետո, սեպտեմբերի 13-ի, լույս 14-ի գիշերը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես տեղեկացրել են կառավարությունից, «Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»:

Հիշյալ պայմանագրի «դրույթները գործողության մեջ դնելու նպատակով» ՌԴ-ին դիմելու վերաբերյալ Նիկոլի ու նիկոլենց վերոնշյալ հայտարարության առնչությամբ նշել էինք նաև, որ ստի ոտքերը կարճ են, քանի որ ժամեր անց ՌԴ արտգործնախարարությունն իր հայտարարությամբ ողջ աշխարհին տեղեկացրեց, որ Մոսկվան ստացել է «Հայաստանի ղեկավարության դիմումը ՝ խնդրանքով ցուցաբերել աջակցություն իրավիճակի կարգավորմանը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով»: Ընդամենը, ընդգծում ենք, «իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով», պայմանագրի «դրույթները գործողության մեջ դնելու» մասին որևէ խոսք չկա, մինչդեռ կատարվածի առումով մեզ համար հատկապես կարևոր էր հիշյալ պայմանագրի 3-րդ հոդվածով նախատեսված դրույթը գործողության մեջ դնելը:

Նիկոլի ու նիկոլենց նպատակը պարզ է` հանրության շրջանում հակառուսական տրամադրությունների ալիք առաջացնելու նպատակով, մարդկանց մոտ կեղծիքով տպավորություն ստեղծել, թե դիմել են Մոսկվային, խնդրել ՌԴ զինված միջամտությունը, մինչդեռ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի հանդեպ իր պայմանագրային պարտավորությունը: Նրանք, ցավոք, իրենց այդ նպատակին այս կամ այն չափով հասան, քանի որ հայաստանյան հասարակությունը մեծ մասամբ անտեղյակ է իրականությանը:

Հիմա անդրադառնանք ՀԱՊԿ-ին դիմելուն: Դրանից կարճ ժամանակ հետո համացանցում տեղեկություններ հրապարայվեցին, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանի անունից այս անգամ էլ դիմել է ՀԱՊԿ պայմանագրի ոչ թե 4-րդ հոդվածով  նախատեսված միջոցներ ձեռնարկելու, այսինքն` ռազմական օգնություն ցուցաբերելու համար, այլ 2-րդ հոդվածով` ընդամենը խորհրդատվությունների մեխանիզմը գործարկելու նպատակով:

Քանի որ վերոնշյալ տեղեկությունները չհերքվեցին, կարող ենք եզրակացնել, որ Նիկոլը կամ նիկոլենք սկզբում դիմել են հենց այդ` 2-րդ հոդվածով, և միայն դրանից որոշ ժամանակ հետո, արդեն 14-ի ցերեկը նոր են դիմել 4-րդ հոդվածով: Համենայն դեպս, Նիկոլն «Ազգային ժողովում» 4-րդ հոդվածով դիմելու մասին հայտարարել է սեպտեմբերի 19-ին ժամը 17-ի կողմ: Հիմա ասում են, թեկուզ այդ ժամանակ, 4-րդ հոդվածով դիմելն անժխտելի է, ՀԱՊԿ-ն ինչո՞ւ զորք չուղարկեց: Բացատրենք…

Նախ, ինքնին հասկանալի է, որ տարբեր պետություններից զորք ուղարկելը վայրկյանապես չի լինում, դրա համար պահանջվում են առնվազն ժամեր: Բայց Ալիևը խորամանկ է:  Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի նկատմամբ ոչ միայն լայնածավալ ագրեսիան, այլև նույնիսկ կրակն ընդհանրապես, սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ից բոլոր ուղղություններով, ըստ Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածի հայտարարության, «գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել»։

Եթե մենք ՀԱՊԿ-ը զորքը հրավիրում էինք նրա համար, որ, պատկերավոր ասած, գար մեր տան մեջ մոլեգնող հրդեհը հանգցներ, ինչո՞ւ պետք է ՀԱՊԿ զորքը գար կամ շտապ գար, երբ այդ հրդեհն արդեն հանգել էր: Ալիևի պես խորամանկ է նաև Նիկոլը: Հավանաբար Ալիևից կամ նրա որևէ ենթակայից նախապես իմանալով, որ ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմելուց հետո Ադրբեջանը հարձակումը դադարեցնելու է, ինչն այլևս անհրաժեշտ կամ հրատապ չի դարձնի ՀԱՊԿ զորախմբի ժամանումը, Նիկոլն «ԱԺ» կոչվածի սեպտեմբերի 14-ի իր նույն ելույթում հայտարարել է նաև.

«Երբ ասում ենք, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է իրականացրել, նկատի ունենք, որ նաև որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել… Այս է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, որովհետեւ եթե տարածք գրաված չլինեին…»:

Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, աջակցություն, այդ թվում՝ ռազմական՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը ապահովելու համար»,- նույն ելույթում հայտարարել է Նիկոլը:

Ըստ նրա, սրա ներքո Հայաստանը նկատի ունի նաև նախորդ տարվա մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթք-Խոզնավար հատված ներխուժելը:

«Ագրեսորը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գա»,- ասել է Նիկոլը:

Իյա՞, բա որ Ադրբեջանն ագրեսոր է, այդ ո՞ւմ հետ է ուզում խաղաղության պայմանագիր կնքել թշնամի Ալիևին եղբայր դարձած Նիկոլը… Նո՞ր հիշեց Ադրբեջանի ագրեսոր լինելը, թե երբ իրեն պետք է նենգ նպատակներով, հիշում է միայն այդ ժամանակ… Հաջորդ հարցը` բա այն ժամանակ` 2021թ. մայիսի 12-ին, Նիկոլը կամ նիկոլենք ինչո՞ւ ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով չդիմեցին Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար` առավել ևս, որ թշնամին Հայաստանի տարածքային ամբողջականությունը 2021թ. միայն Սոթք-Խոզնավար հատվածում չէ, որ խախտեց, այլ նաև Վարդենիսի հատվածում, Իշխանասարի, Սև լճի հատվածներում…

Չդիմեց, չդիմեցին, որովհետև այն ժամանակ ՀԱՊԿ-ը կարող էր իր զորախումբն ուղարկել, իսկ հիմա դժվարին ժամանակներ են ՀԱՊԿ առանցքային միավոր Ռուսաստանի համար. ՌԴ-ն խրված է Ուկրաինայում, ստիպված է կռվել ոչ միայն Ուկրաինայի զինված ուժերի ու նեոնացիստական խմբավորումների, այլև ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ողջ Արևմուտքի դեմ, ընդ որում, հակամարտությունը վերոնշյալ ուժերի կողմից կազմակերպված և իրականացվող հակահարձակման փուլում է:

Ի՞նչ է` Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում ապուշնե՞ր են, չգիտե՞ն Նիկոլն ու նիկոլենք ովքեր են, չե՞ն հասկանում, որ նրանց իրական նպատակը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնումը չէ, այլ այստեղ ու մեր տարածաշրջանում ՌԴ-ի համար երկրորդ ճակատ բացելը, նրան Ադրբեջանի, բնականաբար, դրանից անմիջապես հետո նաև Թուրքիայի հետ պատերազմի մեջ ներքաշելը: Դեռ կանդրադառնանք, թե այդ պատերազմը Ռուսաստանի և ողջ աշխարհի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ, դեռ կբացատրենք, թե ՀԱՊԿ-ն ինչու չշտապեց անմիջապես զորախումբ ուղարկել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան