Քանի Նիկոլ- աղետն իշխանության ղեկին է, Արցախին ու Հայաստանին նոր աղետներ են սպասվում

Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքից և լայնածավալ ագրեսիայից կամ լայնածավալ ռազմական գործողություններից (կատարվածի կամ կատարվողի ճիշտ գնահատականը հնարավոր կլինի տալ միայն Ադրբեջանի հետագա գործողություններից և բուն նպատակը հասկանալուց հետո) ավելի քան 12 ժամ առաջ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին հրապարակվում, որ Ադրբեջանն իր զորքին թիվ 1 մարտական պատրաստություն է հայտարարել մինչև ատամները զինված սպասում են հրամանի (ահավասիկ այդ հրապարակումներից մեկը` https://www.facebook.com/arkadi.hasratyan.7/posts/pfbid02WqtG5aNsAyKKBFAuxcBWsYQM5DPE1rvqhZ2FohssqWS1D6Uvd3u1EXMvUrC8ehZel :

Սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հրապարակվում  նաև այն մասին, որ Ադրբեջանը մինչև 50 տարեկան տղամարդկանց արգելել է երկրից դուրս գալ: Սահմանադրագետ Վահե Գրիգորյանն այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «Թշնամի ադրբեջանում մինչև 50 տարեկան անձանց արգելվեց լքել հանրապետությունը: Սրա հաջորդ քայլը, իհարկե, լինելու է համընդհանուր կամ մասնակի զորակոչը: Բարդ չէ գուշակել, թե ում դեմ է նոր պատերազմի պատրաստվում թշնամին` իհարկե, խաղաղություն մուրացողների»:

Իսկ ի՞նչ էին անում նիկոլենք` այդ ընթացքում ու դրանից առաջ թշնամու մոտալուտ հարձակմանը, հնարավոր է նույնիսկ` չհայտարարված պատերազմին պատրաստվելու և ժողովրդին նախապատրաստելու փոխարեն… Հայաստանի Աժ կոչվածը, Լոռու մարզպետը, Վայոց ձորի մարզպետը ՔՊ- ական պատգամավորներին, մարզպետարանների աշխատակիցներին պարգևավճարներ են բաժանել :

Հայ-թուրքական երկխոսության նախաձեռնությունը, ինչպես «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Թովմաս Առաքելյանն է գրել իր էջում , զբաղվում էր Թուրքիայում բողոքական քրիստոնյաների և ամբողջ աշխարհով մեկ աղանդավորական կազմակերպությունների անդամների միջև հանդիպումներ կազմակերպելով, բայց ոչ թե հավատքն ամրապնդելու, այլ հայ-թուրքական բարեկամություն քարոզելու նպատակով։

Ավելին. Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից  շուրջ 10 օր առաջ` սեպտեմբերի 2-ին, «Իրավունքի կողմ» ՀԿ-ի կողմից Շվեդիայի, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության դեսպանների և նիկոլական, ԱԺ կոչվածի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված և Հայաստանի ոստիկանական բռնապետության մարդու իրավունքների պաշտպան ընտրված Քրիստինե Գրիգորյանի աջակցությամբ Երևանում բացվել է նոր գրասենյակ ` «ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար»: Այս մասին տեղեկացրել է  Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը:

Ահա թե ինչով են զբաղված եղել նրանք` նիկոլականներն ու նրանց արևմտյան աջակիցները… Եվ սա՛ է ոմանց սիրած ու գովաբանած Արևմուտքը, ավելի ճիշտ, Հայաստանում նրա գործունեության սոսկ մի մասը: Այսքանից հետո ո՞ւմ համար պարզ չէ, թե վերը նշվածներն իրականում հայերիս ու քրիստոնեության բարեկամնե՞րն են, թե թշնամիները…

Բա Նիկո՞լը… Նիկո՛լն ինչով է զբաղված եղել թշնամու հարձակումից ժամեր առաջ: Գնացել է Աշտարակ, Աշտարակում քննարկել է  իր և իրենց հերթական հայադավ կամ հայավնաս նախաձեռնությունը, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաքի կոնցեպտը»:

Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից ժամեր և օրեր առաջ, իսկ հիմա տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել դրանից ժամեր հետո: Թշնամու հարձակումից մոտ 4 ժամ հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը և «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը:

Վերոնշյալ նիստում, ինչպես տեղեկացրել են կառավարությունից  և Անվտանգության խորհրդից , «քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:

Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»:

Թե Նիկոլը կամ նիկոլենք ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ին ինչո՞ւ, ի՞նչ խնդրանքով, պահանջով կամ առաջարկությամբ են դիմել, չգիտենք, չի տեղեկացվում: Բնավ չենք զարմանա, եթե առաջիկայում պարզվի, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանի անունից այս անգամ էլ դիմել է ՀԱՊԿ պայմանագրի ոչ թե 4-րդ հոդվածով  նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար, այլ 2-րդ հոդվածով, այսինքն` ընդամենը խորհրդատվությունների մեխանիզմը գործարկելու նպատակով:

Ինչ վերաբերվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» պայմանագրի  «դրույթները գործողության մեջ դնելու նպատակով» ՌԴ-ին դիմելու վերաբերյալ Նիկոլի ու նիկոլենց վերոնշյալ հայտարարությանը, ապա, ինչպես ասում են, ստի ոտքերը կարճ են.

ժամեր անց ՌԴ արտգործնախարարությունն իր հայտարարությամբ  ողջ աշխարհին տեղեկացրեց, որ Մոսկվան ստացել է «Հայաստանի ղեկավարության դիմումը ՝ խնդրանքով ցուցաբերել աջակցություն իրավիճակի կարգավորմանը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով»: Ընդամենը, ընդգծում ենք, «իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով», պայմանագրի «դրույթները գործողության մեջ դնելու» մասին որևէ խոսք չկա, մինչդեռ կատարվածի առումով մեզ համար հատկապես կարևոր էր ու կարևոր է հիշյալ պայմանագրի 3-րդ հոդվածով նախատեսված դրույթը գործողության մեջ դնելը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան