Զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը կդիմի Հաագայի դատարան

Ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002 թվականին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ Դավիթ Գիշյանը վիրավորում է ստացել ուսի շրջանում և հայտնվել գերության մեջ։ NEWS.am-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնեց, որ Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ։

Հասմիկ Սամվելյանն ասաց, որ իրենք Եվրոպական դատարան արդեն նամակ են ուղարկել. «Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառվի հրատապ միջոց»։

Մամուլի խոսնակը նշեց, որ պատրաստվում են դիմել նաև Հաագայի դատարան։

Նշենք, որ Դավիթ Գիշյանը Ադրբեջանի կողմից վերադարձված 32 մարմիններից մեկն է եղել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։