Թեհրանը մերժում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն․ Ռաիսի

Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։

«Մենք միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը և մերժել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է իր ազգային շահերն ու անվտանգությունը և տարածաշրջանը, նա նաև հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու լուծել այս երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները»,-ասել է Ռաիսին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 135 զոհ: ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է: