Հակառակորդը գտնվում է Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա․ ԳՇ պետ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը դեսպանների հետ հանդպմանն ասաց, որ այդ հատվածում հակառակորդը իր գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։

«Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», – հայտարարեց ԳՇ պետը։

Նա նշեց, թե մխրճումները Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով։

«Որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ», – ընդգծեց Ասրյանը։

ԳՇ պետի խոսքով, ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։

Մինչ այժմ պաշտպանության նախարարությունը զոհվածների անունները չի հրապարակել։