Ազգային անվտանգությա՞ն, թե ազգային վտանգի կամ վտանգավորության ծառայություն…

Կամ էլ` Հայաստանի թիվ 1 ներքին թշնամու անվտանգության ծառայություն

 

Այն, որ «թավշյա հողափոխություն» կոչվածից հետո, Նիկոլը հետևողականորեն հասնելու էր ու հասավ պետական կառույցների վարկաբեկմանն ու հեղինակազրկմանը, բազմիցս է գրվել և ասվել: Բայց որ նա կկարողանս նույնիսկ երբեմնի հեղինակավոր ու հույժ կարևոր պետական կառույցը` Ազգային անվտանգության ծառայությունը, այս աստիճան հեղինակազրկել, հեղինակությունն իջեցնել շրիշակի կամ, ինչպես ասում են, պոլի փալասի մակարդակի, ԱԱԾ-ն վերածել իր ողորմելի, խղճուկ լակեյի կամ քաղաքական հարճի, երևի միայն շատ քչերը կարող էին պատկերացնել:

Այլ կարծիք հնարավոր չէ ունենալ` ծանոթանալով պետական դավաճանության մեջ մեղադրվող  Նիկոլի երեկվա` սեպտեմբերի 14-ի հայտարարության վերաբերյալ «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի նույն օրվա խայտառակ հայտարարությանը :

Ազգային վտանգի կամ վտանգավորության ծառայությունում հավանաբար կարծում են, թե Արմեն Գրիգորյանի հանդեպ իրենց տերերի կամ տիրոջ կամոք թույլ տված հանցանքը մարսել են, հիմա էլ հերթական անգամ թույլ են տվել անթույլատրելին: Ահա ԱԱԾ կոչվածի հաղորդագրությունը բառացի ու տառացի.

«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։

Սույն հաղորդագրությամբ ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։

Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»:

Սկսենք վերջից. պետական դավաճանության մեջ մեղադրվող կամ Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն ի՞նչ է` կարող էր խոսել Հայաստանի արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի՞ ստորագրման մասին… Նույնիսկ եփված հավերը կարող են ծիծաղել… Պնդում եմ, որ սա կեղծիք է, տվյալ փաստաթուղթն իր հետևանքներով ճիշտ հակառակն է լինելու` վտանգվելու են Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը և խաղաղությունն ընդհանրապես, քանի որ Արցախի կորստից հետո կորցնելու ենք Սյունիքը, Սյունիքից հետո Հայաստանը:

«ԱԱԾ» կոչվածի կողմից իր հաղորդագրությամբ թույլ տված հաջորդ կեղծիքն էլ այն է, թե «ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է»: Ազգային վտանգի կամ վտանգավորության ծառայությունը սրանով հենց ինքն է նենգափոխել իրականությունը, քանզի լրատվամիջոցները մոգոնելով չեն գրել, թե Նիկոլը ստորագրել կամ պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ։ Լրատվամիջոցները պարզապես մեջբերել են Նիկոլի խոսքը։ Ահա այն դարձյալ բառացի ու տառացի.

«Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն` գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության: Բայյց «ծանր որոշումներ»` չի նշանակում Հայաստանի Հանրապետության պետական շահերին հակասող որոշումներ: Մենք էդ որոշումներին պիտի գնանք` երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տևական խաղաղությունը, կայունությունը: Մենք չենք կարող էսօր վերնագրերի ներքո գրենք «խաղաղության պայմանագիր» վերևը, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսսի։ Մենք չենք կարող ըտենց բան:

Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29.800 քառակուսի կիլոմետր տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը սա ապահովելու է, ես էդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»։

Հիմա հարցնում եմ իրավապահ համակարգի ու քաղաքական դաշտի բոլոր քաղաքական պոռնիկներին` լրատվամիջոցները Նիկոլի խոսքի ի՞նչն են ձևախեղել և նենգափոխել: Եթե չապացուցեցիք, ձեր…

«ԱԱԾ» կոչվածն իր հաղորդագրությամբ Հայաստանի ազգաբնակչությանն անամոթաբար կոչ է անում տուրք չտալ «մանիպուլատիվ հայտարարություններին»` այն դեպքում, երբ հենց ինքն է հանդես եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, իսկ Հայաստանի ոստիկանական բռնապետության գերագույն գլխավոր մանիպուլյատորն էլ Նիկոլն է:

Եվս մեկ մեջբերում ոչ թե Հայաստանի ազգային անվտանգության, այլ Հայաստանի թիվ 1 ներքին թշնամու անվտանգության ծառայության հաղորդագրությունից. «…հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել»։

Իյա՛, լո՞ւրջ… «ԱԱԾ» կոչվածը լկտիաբար ստում է, կեղծում, հակասում իր տիրոջ` Նիկոլի, հայտարարությանը և իր իսկ հաղորդագրությանը: Ովքե՞ր են աշխատանքի ընդունվել այս, կրկնում եմ, երբեմնի հեղինակավոր և լուրջ ծառայությունում: Նրանք ուղեղ ունե՞ն, տրամաբանությունից հո ընդհանրապես զուրկ չե՞ն…

Եթե Նիկոլն ինքն է հայտարարել` «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն` գնալ ծանր որոշումների…» (շատ պարզ, աներկբա հասկացնելով, որ խոսքը «խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրման մասին է), ապա հավելել` «Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի…», «Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը սա ապահովելու է, ես էդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ», ապա «ԱԱԾ կոչվածն ինչպե՞ս է փորձում խաբել հանրությանը, թե որևէ փաստաթուղթ չի նախապատրաստվում ստորագրվել:

Եթե «ԱԱԾ կոչվածը հենց ինքն է իր հաղորդագրությամբ հայտարարում, որ «Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել» (ընդգծումը` մերը), ապա ինչպե՞ս է փորձում մոլորեցնել հանրությանը, թե որևէ փաստաթուղթ չի նախապատրաստվում ստորագրվել: Նախապատրաստվո՛ւմ է:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան