Առողջապահության նախարարությունը շտապօգնության մեքենայի թիրախավորման վերաբերյալ փաստերը ներկայացրել է ԱՀԿ-ին

Հայաստանի Առողջապահության նախարարությունը ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորման վերաբերյալ փաստերը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

«Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։

Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍներ:

ՊՆ տեղեկացմամբ, ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49–ն է։