Ընտրությանը տեխնիկան բերեցին, որ իրենց ընտրենք. խաբվեցինք. Լոռեցիները փակել են ճանապարհը

Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 12–ին, փակել էին Մ6 միջպետական ճանապարհը եւ պահանջել վերանորոգել իրենց գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները, որոնք գտնվում  են անբարեկարգ վիճակում։

«Ընտրության ժամանակ տրանսպորտը բերել կանգնեցրել են, որ իրենց մարդը ընտրվի: Հավատալու ենք էն ժամանակ, երբ շինարարներով ու ամեն ինչով կգան ու կսկսեն աշխատանքները: Հիմա ոչ մի բանի չենք հավատում»,-ասում են գյուղացիները:

Բնակիչները հայտնեցին, որ մրցույթը հայտարարված է, կա կապալառու ընկերություն, որը մի քանի ամիս առաջ պետք է սկսած լիներ աշխատանքները, բայց առ այսօր բացի չափագրումից ճանապարհի վրա ոչինչ չի արվել, ոչ ոք չի եկել, նույնիսկ չափագրողները չեն եկել բոլոր միջոցներով փորձել են դիմել կառավարությանը այդ խնդրով, սակայն՝ ապարդյուն։

«Վարչապետը պատասխանել է մեր հարցադրմանը, նշել, որ աշխատանքներ են տարվում շինարարությունը սկսելու համար, սակայն չի արվել։ Կառավարությունից ասում են՝ գումարը փոխանցված է, բայց աշխատանքները չեն սկսվել։ Թող ՏԿԵ նախարարությունից ներկայացուցիչ գա ու պատասխանի ժողովրդի հարցերին»,- ասում են գյուղացիները։