Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել. Լավրով

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Հարավային Կովկասում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ։ Այն աշխատում է ռիթմիկ, համաժամանակ, ի դեպ, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման վերաբերյալ հանդիպումների առնչությամբ, հենց օրերս տեղի ունեցան կանոնավոր շփումներ։ Այս եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է երեք նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, զգալի առաջընթաց է գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Հուսով եմ՝ դրանք կձևակերպվեն շատ մոտ ապագայում։ Ամենակարևորն այն է, որ այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, ոչ թե մեկուսացված, այլ ավելի լայն տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի հետ սերտ համատեղությամբ, որով շահագրգռված են նաև մեր իրանցի գործընկերները»,- ասել է Լավրովը, նշելով, որ խոսքը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև Ռեշտ-Աստարա մայրուղու փոքր երկաթուղային հատվածի վերականգնման շուրջ ընթացող քննարկումների մասին է։
Իր հերթին Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն ունի շատ արտոնյալ աշխարհաքաղաքական դիրք։
«Տրանզիտային ուղիների ամրապնդումը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ դիվերսիֆիկացված գծերը, ընկալում ենք որպես այս տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև պարենային անվտանգության կարևոր գործոն»,- հավելել է նա։

Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է երկրի պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու Ռեշտ-Աստարա անավարտ հատվածի շինարարությունը։