Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել. նրան կալանավորելու միջնորդության քննությունը կշարունակվի․ փաստաբան

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է և դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա նշել է, որ Արզումանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Աջափնյակի նստավայրում այսօր քննվում է նրա խափանման միջոցի հարցը։

«Դատավորը ժամկետ տվեց, որպեսզի նյութերին ծանոթանանք։ Երբ սկսվեց նիստը, մենք խնդրեցինք՝ մեկ օր ժամանակ տրամադրել, քանի որ նյութերին ծանոթանալու համար ամենաքիչը մեկ օր է պետք, նյութերն էլ ծավալուն էին։ Դատարանը գտավ, որ մեկ ժամը բավարար է, որ նյութերին ծանոթանանք։ Հետո դատարանը փոխեց որոշումն ու մի քանի ժամ տրամադրեց, որպեսզի նյութերին ծանոթանամ»,- ներկայացրեց Սարգսյանը։

Անդրադառնալով այն վարկածին, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, սակայն չի ներկայացել, Սարգսյանը պնդեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Փաստաբանը հայտնեց, որ Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Նկարագրված մեղադրանքն աբսուրդ է։ Իրենք նկարագրում են իդեալական իրավիճակում կանոններն ինչպես են նախատեսում և ինչպես պետք է ընդհանրապես գործի Պաշտպանության բանակի հրամանատարը, բայց իրենք հաշվի չեն առնում, որ ամսի 27-ին է նշանակվել նա։ Նա նշանակվել է այն իրավիճակում, երբ քաոս է տեղի ունեցել, հնարավորինս ամեն ինչ արվել է, որպեսզի քաոսը վերացվի։ Նույնիսկ հնարավորություն չի ունեցել սովորական կարգով հանձնում-ընդունում իրականացնել։ Իրենք դիտարկում են՝ դու որ Պաշտպանության բանակի հրամանատար ես, դու պատասխանատու ես օրինակ՝ նյութատեխնիկական ապահովվածության համար, զորքի բարոյահոգեբանական վիճակի համար, պատրաստակամության համար. այն դեպքում, երբ նա 27-ին է նշանակվել»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի անկման համար: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նշվում է, որ Արզումանյանը չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու  առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, չի դրսևորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման անընդհատությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը և այլն: Հաղորդագրությունում նաև բազմաթիվ մանրամասներ են բերվում, թե որ հատվածներում նա չի ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, չի կիրառել մարտունակ ջոկատներ, որ իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի ջոկատներն արդեն ներթափանցել էին Շուշի, որ այնպիսի վայրերում է տեղակայել յուրային ուժերին, որ նրանք հայտնվել են շրջապատման մեջ, որ չեն կիրառվել կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։