«Ինտերնյուզ»-ի նախկին տնօրենին Թումանյան փողոցում մահացու վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 25-այա երիտասարդը իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքնով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Երևանում ավտովթարից մահացել է «Ինտերնյուս»-ի նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը։

Մանանա Ասլամազյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 10-ին Երևանում, ՀԽՍՀ։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1974 թվականից ապրել է Մոսկվայում։ Մոսկվայի տիկնիկային թատրոնում աշխատել է որպես հանդիսատեսի հետ աշխատելու գծով մանկավարժ, հետո՝ Մոսկվայի դրամատիկական թատրոնում՝ որպես ադմինիստրատոր։ 1993 թվականից՝ ամերիկյան «Internews Network» ֆոնդի ռուսական մասնաճյուղի գլխավոր տնօրեն։

1998 թվականից՝ «Internews International»-ի կառավարման խորհրդի անդամ և «Internews Europe»-ի նախագահ։ 2000 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ մրցակցային հանձնաժողովի անդամ՝ մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային լրատվության միջոցների գործերով։

Հանձնաժողովի կազմից հեռացվել է 2004 թվականին, Վլադիմիր Պոզների հետ միասին։ 2002 թվականից՝ Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) փոխնախագահ։ Կազմից հեռացվել է 2007 թվականին։

2007 թվականից՝ անցել է արժույթի մաքսանենգության գործով. իր կողմից ղեկավարվող ամերիկյան ոչ պետական կազմակերպության գործունեության ֆինանսավորման համար՝ Եվրոպայից ներմուծված արժույթի գործով։ Թաքնվել է հետաքննությունից և լքել Ռուսաստանը՝ մշտական բնակության վայր դարձնելով Փարիզը։

Ի պաշտպանություն Ասլամազյանի՝ հրապարակվեց բաց նամակ, որի ներքո ստորագրել են մի շարք ռուս ժուռնալիստներ։

2007 թվականից «Ինտերնյուզ»-ի ռուսական բաժանմունքը դադարեցրեց իր աշխատանքը։ 2010 թվականին ՌԴ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ՔՕ-ի 188 հոդվածի փոփոխման արդյունքում՝ «Մաքսանենգություն» քրեական գործը վերաորակավորվեց վարչականի։