Լոռու մարզում գործարկվել է որակապես նոր հասարակական տրանսպորտ. ՔՈԱՖ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը համատեղ նշում են Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցում նոր, հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսի գործարկումը, ինչը հանդիսանում է Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարեկարգման խոշոր ծրագրի մաս։

Հիմնադրամից հայտնում են, որ այս ծրագրի շնորհիվ ստեղծվում է միջհամայնքային տրանսպորտային կապ՝ դարձնելով հասարակական տրանսպորտը հասանելի բոլորին՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց, բարձրացնելով ուղևորափոխադրումների որակը և բնակչության մոբիլության մակարդակը, հետևելով շրջակա միջավայրի պաշտպանության սկզբունքներին։

Ավելի վաղ՝ այս տարի, ՔՈԱՖ-ն ու Ճապոնիայի դեսպանատունը կնքել էին դրամաշնորհի համաձայնագիր, որով 90,000 ԱՄՆ դոլար էր տրամադրվել Լոռու հասարակական տրանսպորտի ցանցն արդիականացնելու համար։ Նախաձեռնության շրջանակներում ՔՈԱՖ-ը գնել է նոր, հարմարավետ ավտոբուս, ինչը հասարակական տրանսպորտով երթևեկությունը հասանելի է դարձնում բոլորին՝ այդ թվում տարեցներին ու հաշմանդամություն ունեցողներին։ Դսեղ-Վանաձոր երթուղով իրար կապվող 7 բնակավայրերով ուղևորությունների հաճախականությունն ավելի բարձր կլինի՝ ներառելով կանգառներ նաև Դեբետում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ու Դսեղի առողջության կենտրոնի մոտ։

Դսեղ-Վանաձոր երթուղու բնակավայրերում կկառուցվի 4 նոր կանգառ և կտեղադրվի երկու ավտոբուսի կանգառի երկու նշան՝ չվացուցակի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնելով ուղևորներին։ Այս ջանքերը լրացնում են ՍՄԱՐԹ գյուղ նախաձեռնության շրջանակներում Դեբետում կառուցված ավտոբուսի կանգառի նախագծին։

Ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ ՔՈԱՖ-ը նաև խթանում է թվային տեխնոլոգիաների կիրառումը. մշակվող բջջային հավելվածն իրական ժամանակում, որը ուղևորության վերաբերյալ տեղեկատվություն ստ անալու և անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն կտա։ Բնակիչները նաև կկարողանան ձեռք բերել ավտոբուսով ուղևորության պարբերաբար լիցքավորվող քարտեր։

Նոր ավտոբուսը Փամբակի համայնքապետարանին հանձնելու միջոցառումը մեկնարկեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, որի ընթացքում իրենց խոսքն ասացին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանն ու ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ Միջոցառման հյուրերը վայելեցին նոր ավտոբուսով առաջին ուղևորությունը ՍՄԱՐԹ կենտրոնից դեպի Դեբետի վարչական շենք, որտեղ էլ ավտոբուսը հանձնվեց Փամբակ Կոմունալ ՀՈԱԿ-ին։