Հայաստանում անցկացվեց Կրթական հետազոտությունների եվրոպական համաժողովը

Երևանում օգոստոսի 22-25-ն անցկացվել է ECER (European Conference on Educational Research) 2022 համաժողովը, որին մասնակցում են կրթության ոլորտի շուրջ 1000 հետազոտողներ, գիտնականներ 70 երկրներից։

Լինելով Հայաստանում գործող կրթական հետազոտություններով մասնագիտացած կենտրոն՝ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ակտիվորեն ներգրավված էր համաժողովին։ Դեռևս անցյալ տարի կենտրոնը նախաձեռնել էր տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում տեղական հետազոտողներին համաժողովի համակարգող, ԵՊՀ դոցենտ Աննա Ալեքսանյանը ներկայացրել է համաժողովի նպատակը, մասնակցության ձևաչափերը և ընթացակարգերը։ Այնուհետև կենտրոնը կրթաթոշակներ տրամադրեց հայաստանյան հետազոտողների համաժողովի մասնակցության համար։

Իսկ արդեն համաժողովին Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ունեցել է երկու զեկույց՝ համավարակի ընթացքում կրթության իրավունքի իրացման և եզդի երեխաների կրթության իրավունքների վերաբերյալ։ Համավարակի ընթացքում կրթության իրավունքի վերաբերյալ զեկույցի ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել զեկուցող Արման Մելքոնյանին՝ ընդգծելով թեմայի արդիականությունը, քանի որ դեռևս կրթության վրա համավարակի ազդեցության նոր ուսումնասիրությունների կարիք կա։ Մարինա Գալստյանը ներկայացրել է եզդի երեխաների կրթության իրավունքի իրացման վերաբերյալ զեկույցը, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ իրականացված հետազոտության արդյունքներին։ Մասնակիցները ընդգծել են, որ էթնիկ փոքրամասնությունների շրջանում կրթական խնդիրների մասնագիտական ուսումնասիրությունը օրակարգային է նաև իրենց երկրներում՝ Գերմանիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և այլն։

ECER 2022 համաժողովի շրջանակներում  Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի փորձագիտական թիմը կազմակերպել էր նաև պանելային քննարկում «Կրթությունից դուրս մնացած երեխաների շուրջ առկա դիսկուրսը Հայաստանում» խորագրով, որը վարում էին կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանը, հետազոտող Գայանե Հովակիմյանը և վերլուծաբան Արման Մելքոնյանը։

Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանը նշել է․ «Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը արդիական էր մինչև համավարակը, սակայն համավարակը ավելի ընգդգծեց խնդրի կարևորությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։ Ուրախ ենք, որ ECER 2022 համաժողովի շրջանակներում կարող ենք մասնագիտական համայնքի հետ քննարկել այս թեման»։

Պանելային քննարկում վարողները անդրադարձ են կատարել իրավական կարգավորումներին, կրթությունից դուրս մնացած երեխաների ուսումնասիրման մեթոդաբանական և էթիկական խնդիրներին։ Մարինա Գալստյանը նշել է․ «Կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ ուսումնասիրություններում գերիշխում է քանակական բնութագրիչների չափումը, սակայն մեր կենտրոնը, մշտապես կարևորելով այս թեման իր տասնմյա գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք որակական հետազոտություններ՝ հետևելով էթիկական հիմնարար սկզբունքներին»։

Պանելային քննարկման մասնակիցները նաև անդրադարձել են և կիսվել իրենց երկրների փորձով, նշելով, որ Մեծ Բրիտանիայում, Հունաստանում և այլ երկրներում այս խնդիրը նույնպես արդիական է և մշտապես գտնվում է կրթության ոլորտի հետազոտողների և որոշում կայացնողների ուշադրության կենտրոնում։

«Այս տարի լրանում է մեր գործունեության 10 տարին, ուրախ էինք, որ հնարավորություն ունեցանք նման նշանակալի կրթական միջոցառման շրջանակներում ակտիվ մասնակցություն ունենալ և կիսվել մեր տասնամյա գործունեության ընթացքում կուտակված փորձով և գիտելիքներով»,-նշել է Մարինա Գալստյանը։