Ասանժը կրկին բողոքարկել է իրեն ԱՄՆ արտաքսելու որոշումը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնի Գերագույն դատարանում կրկին բողոքարկել է իրեն Միացյալ Նահանգներ արտաքսելու որոշումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հավանություն է տվել Ասանժին արտահանձնելուն ԱՄՆ, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։

Ասանժը, ով 2010 թվականին Շվեդիայում մեղադրվել էր սեռական ոտնձգությունների ու բռնաբարության մեջ, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ զգուշանալով արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան ԱՄՆ պահանջով ձերբակալել էին: Այդ օրվանից ի վեր նա գտնվում է Լոնդոնի Բելմարշի խիստ ռեժիմով բանտում:

Արտահանձնման հարցով լսումները սկսվել են 2019 թվականի մայիսի 2-ից: Դրանից հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժի դեմ մեղադրանքներ են ներկայացրել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքը խախտելու համար: