Հաջիևը խոսել է Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգի մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված  Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի  Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, այս մասին այսօր օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը հավելել է, որ ներկայումս երկու երկրների միջև բանակցությունները հիմնականում ընթանում են սահմանների սահմանազատման, հումանիտար, տրանսպորտային հաղորդակցության հարցերի և խաղաղության պայմանագրի մշակման շուրջ։

Նշենք, որ ամսվա վերջին Մոսկվայում նախատեսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ տրանսպորտային հաղորդակցության և սահմանազատման հարցերը քննարկելու համար։