Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը

Եվրոպայում գազի գինը մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը հազար խմ-ի համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Այսպես, սեպտեմբերյան ֆյուչերսների բացմանը (ըստ եվրոպական խոշորագույն հանգույցի TTF-ի ինդեքսի) սակարկվում էր 2766,5 դոլարով՝ նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնին ավելանալով ինը տոկոսով (2538,8 դոլար): Իսկ հետո դրանք արդեն աճել են 12,7 տոկոսով՝ հասնելով 2862 դոլարի:

Օգոստոսի 19-ի երեկոյան «Գազպրոմը» հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարը կդադարեցվի երեք օրով (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը)՝ Պորտովայայի կոմպրեսորային կայանի միակ գործող գազի պոմպակայանի պլանային սպասարկման համար։ Այս ֆոնին ֆյուչերսները բարձրացել են գրեթե ութ տոկոսով՝ հատելով 2700 դոլարի նշաձողը։