ԱՄՆ-ի և Եվրամիության դարձյալ նույն` ձևական, կեղծավոր և ոչինչ չտվող հայտարարություններն ենք կարդում ու լսում. 2

Իրենց այս վերաբերմունքով նրանք մեղսակից են Ադրբեջանի ոճրագործությանը

 

Սկիզբը` այստեղ 

Այսօր կարդում եմ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը։ Հետո՞… Ի՞նչ շահեցին Արցախը և Հայաստանը դրանից, կամ ի՞նչ են շահելու Մակրոնի ուշադիր հետևելուց եթե ոչ հիմա, ապա գոնե առաջիկայում: Ոչի՛նչ: Եվ, ուրեմն, թքել եմ նրա վրա, թե Մակրոնն ուշադիր է հետևում հայրենիքիս բզկտմանը, թե անուշադիր, հետևում է ընդհանրապես, թե չի հետևում: Կարծում եմ, բոլոր հայերիս համար էլ դա միևնույնն է: Հետևում է, որ ի՞նչ… «Կա՞յֆ» է ստանում դրանից…

Ինչպես տեղեկացրել է Ելիսեյան պալատը, Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է վերջին սրացումը։ Բայց ախր ո՞ւմ է հետ է քննարկել` մեր թշնամու ու նրա եղբոր, կամ Ալիևի բոլոր ցանկությունները հարճի պես մեկը մյուսի հետևից կատարած, կատարող, նորերի կատարմանն էլ պատրաստ մեկի հետ: աԱսինքն` մեր արտաքին ու ներքին թշնամիների հետ է քննարկել, մեզ` հայերիս, դրանից ի՞նչ օգուտ (վնասն ինքնին պարզ է):

Ըստ հաղորդագրության, Մակրոնն անհանգստություն է հայտնել լուրջ միջադեպերի առիթով, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին, մասնավորապես, Լաչինի միջանցքի շրջանում։ Անձամբ ես չեմ հավատում նրա անհանգստության անկեղծությանը, ընթերցողներին էլ նույնն եմ խորհուրդ տալիս: Ավելին. միանգամայն հիմնավոր կերպով պնդում եմ, որ կեղծ է Մակրոնի անհանգստությունը:

«Civilnet»-ը դեռ 2019թ. հուլիսի 4-ին հղում կատարելով ադրբեջանական կայքերի վրա, գրել է , որ 2019թ. «հունիսի 17-23-ը տեղի ունեցած Paris Air Show-2019 սպառազինությունների ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի՝ պաշտպանական արդյունաբերության նախարարությունն ու սպառազինությունների արտադրությամբ զբաղվող ֆրանսիական Nexter ընկերությունը քննարկել են զրահատեխնիկայի, ծովային ու օդային հարթակների համար տարբեր սպառազինությունների և ռոբոտատեխնիկայի համատեղ արտադրության հարցը։ Բացի այդ, ըստ նույն հաղորդագրությունների, Thales Group ընկերությունը մտադիր է Ադրբեջանում համատեղ արտադրություն սկսել»։

Ավելին. Ադրբեջանը Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Արցախի տարածքը դիտարկելու համար օգտագործել է ֆրանսիական արտադրության արբանյակ: Ընդ որում, սա դեռ չնչին մասն է ռազմատեխնիկական և ռազմական արդյունաբերության ոլորտներում Ֆրանսիա- Ադրբեջան համագործակցության, ավելի ճիշտ, առավելապես Ադրբեջանին Ֆրանսիայի աջակցության մասին հրապարակված, բաց տեղեկատվության (կարող ենք ենթադրել, որ չհրապարակվածն ու գաղտնին այսբերգի ստորջրյա և ավելի մեծ մասն է):

Անկեղծ չէ նաև Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի արտահայտած մտահոգությունը, որը Twitter-ի իր էջում գրել է

«Մտահոգված եմ վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան համատեքստում ավելացած լարվածության մասին հաղորդագրություններով։ ԵՄ-ն հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում. մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներում: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտվել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունից»։

Ադրբեջանի և Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթաց, ինչպես բազմիցս համոզվել ենք նախորդած շրջանում, գոյություն չունի, կեղծիք է, իսկ այդ կեղծիքում ԵՄ ներգրավվածությունից մենք մինչև հիմա որևէ օգուտ չենք ստացել, մեր ստացածը միայն վնաս է եղել:

Արցախյան հակամարտության գոտում վերջին սրացման կապակցությամբ Նիկոլի հետ հեռախոսով արդեն խոսել, մեր արտաքին թշնամիներից Ալիևի ու ներքին թշնամիներից Նիկոլի հետ վերջին օրերին «սերտ կապի» մեջ է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Բնականաբար, նրա մտահոգության, անհանգստության անկեղծությանն էլ չի կարելի հավատալ: Եվրոպական վերոնշյալ բոլոր պաշտոնյաները նպատակ ունեն աջակցել Ալիևին, որ Արցախից ու Հայաստանից հնարավորինս ավելի շատ բան պոկի, ինչպես նաև Նիկոլին, որ Արցախի ու Հայաստանի հաշվին հնարավորինս ավելի շատ բան տա Ալիևին, Ադրբեջանին:

Իսկ Ռուսաստա՞նը` հավանաբար կհարցնեն ընթերցողներից ոմանք… Ռուսաստանը միակ երկիրն է, որը հայ- ադրբեջանական վերջին բախումների առնչությամբ իր հայտարարության մեջ հստակ նշեց, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, այսինքն` ագրեսիայի հեղինակն Ադրբեջանն է, նրա զինուժը:

«Զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակի սրացում է գրանցվել,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների գործունեության մասին արդեն մյուս` օգոստոսի 3-ի տեղեկագրում:- Սարիբաբ բարձունքի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կայունացման համար» (ընդգծումը` մերը)։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն օգոստոսի 4-ին հանդիպելով Արցախի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, վստահեցրել, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները` իրավիճակի հետագա սրումը կանխելու համար: Շնորհիվ Ռուսաստանի, գոնե այս պահի դրությամբ դա հաջողվել է:

ՌԴ ԱԳՆ-ն երեկ ծայրահեղ մտահոգություն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման հետ կապված։

«Ցավոք, կան զոհեր,- նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:- Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը` իրավիճակը կայունացնելու համար։ Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր մակարդակներով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սերտ շփման մեջ է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ նույն օրը քննարկել է ԼՂ-ում իրավիճակի սրումը։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ընդգծվել է եռակողմ պայմանագրի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։

Իհարկե, մեզանից շատերն են մտածում, որ Արցախում Ադրբեջանի զինուժի վերջին ագրեսիայից անմիջապես հետո, ինչի հետևանքով 2 զոհ ու 19 վիրավոր ունեցանք, ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները պետք է միջամտեին, գնդացիրներից, զրահատեխնիկայից կրակեին նրանց վրա, փռեին ագրեսորների լեշերը, ինչպես նաև սպառնային, որ այսուհետ էլ նույն կերպ են վարվելու Արցախի, նրա պաշտպանների հանդեպ ագրեսիայի դեպքում: Բայց դա այժմ, ցավոք, հնարավոր չէ մի շարք հիմնավոր պատճառներով, որոնց կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներից մեկում:

 

Արթուր Հովհաննիսյան