ԱՄՆ-ի և Եվրամիության դարձյալ նույն` ձևական, կեղծավոր և ոչինչ չտվող հայտարարություններն ենք կարդում ու լսում

Իրենց այս վերաբերմունքով նրանք մեղսակից են Ադրբեջանի ոճրագործությանը

 

Պատմությունը նորից կրկնվում է, արտաքին ուժերի նույնաբովանդակ, ձևական, կեղծավոր և ոչինչ չտվող հայտարարություններն ենք կարդում ու լսում, ինչ 2016-ի Ապրիլյան քառօրյայի, 2020թ. Քառասունչորսօրյա պատերազմի, ինչպես նաև նախորդած տարիների ընթացքում Արցախում և հայ- ադրբեջանական սահմանին իրավիճակի վտանգավոր, պայթյունավտանգ լարումների ժամանակ:

Իհարկե, կան նաև անկեղծ մտահոգություններ, անհանգստություն, ցավակցություններ, կոչեր արտահայտող սակավաթիվ հայտարարություններ, բայց դրանք նույնպես ոչինչ չեն տալիս, քանի որ ընդամենը մտահոգություններ ու կոչեր են, և ոչ թե հասցեական ու խիստ մեղադրանքներ ու պահանջներ` դրանց չկատարման դեպքում որոշակի սպառնալիքներով կամ պատժամիջոցների կիրառման զգուշացմամբ:

Այդպիսի անկեղծ մտահոգություններ, կոչեր պարունակող հայտարարություններից է, օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ  Զասի՝ Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված հայտարարությունը: ՀԱՊԿ քարտուղարությունն անհանգստություն է հայտնել Ղարաբաղում զինված բախումների առիթով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Հայտարարությունում սրանից բացի, նշված է նաև.

«Խորին ցավակցություններ եմ հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և մերձավորներին»։

Քարտուղարությունը հակամարտության կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և գոյություն ունեցող տարաձայնությունների հաղթահարման համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ։

Իսկ ուրիշ էլ ի՞նչ կարող է անել ՀԱՊԿ-ը… Լավ մտածեք, մինչև այս հարցի պատասխանը գտնելը: ՀԱՊԿ-ը տնտեսական կառույց չէ և ոչ էլ պետություն, այն, ի տարբերություն, օրինակ, ԱՄՆ-ի, Եվրամիության, Եվրախորհրդի, չի կարող Ադրբեջանի ու նրա հետ համագործակցող պետությունների հանդեպ կիրառել ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներ, նրան քաղաքական մեկուսացման ենթարկել: Բնականաբար, քանի որ չունի նշված լծակները, չի կարող հանդես գալ նաև դրանք կիրառելու սպառնալիքով:

ՀԱՊԿ-ի միակ հնարավոր գործառույթը, որը կարող է զսպել Ադրբեջանին, ռազմական ուժի կիրառման նախազգուշացումն է կամ զինված ուժերի կիրառումը, բայց հենց այստեղ բախվում ենք այն խնդրին, որ նույնիսկ Հայաստանի կողմից չճանաչված Արցախի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ չէ, իսկ ՀԱՊԿ պայմանագիրը, մասնավորապես, դրա 4-րդ հոդվածը թույլ է տալիս ռազմական օգնություն ցուցաբերել միայն կազմակերպության անդամ հանդիսացող պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում:

Կարող է հարց առաջանալ` եթե Արցախի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ն չունի միջամտելու, Ադրբեջանի վրա գործնական ազդեցության լծակներ, ապա ինչո՞ւ է նման հայտարարությամբ, անհանգստությամբ ու կոչով հանդես եկել, ո՞րն է դրա իմաստը:

Այս հարցը շատ պարզ պատասխան ունի` Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու դեպքում, ագրեսիայի կարող է ենթարկվել և այդ պատերազմում հայտնվել նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանը, որի հանդեպ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ն ունի նրան ռազմական օգնություն ցուցաբերելու պարտավորություն, ինչը նշանակում է ՀԱՊԿ-ի ներքաշվելն Ադրբեջանի, իսկ դրանից անմիջապես հետո նաև Թուրքիայի հետ մեծ պատերազմի մեջ: Ահա թե որտեղից է բխում ՀԱՊԿ-ի անհանգստությունը:

Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծելու նպատակ ու, Թուրքիայի հետ միասին կամ նրա ներգրավմամբ, հեռուն գնացող ծրագրեր ունի, ապա ՀԱՊԿ վերոնշյալ կոչն անկասկած արհամարհելու է: Հիմա անդրադառնանք արտաքին մյուս ուժերի` ԱՄՆ-ի, Եվրամիության հայտարարություններին:

Նրանք կեղծավոր ու ձևական հայտարարություններ են անում զուտ նրա համար, որ արձանագրվի` իրենք հանդես են եկել իրենց անհանգստությունն արտահայտող, կողմերին (ինչպես միշտ, հարձակվող ու հարձակման ենթարկված կողմերի միջև տարբերություն չդնող) զսպվածության ու խաղաղության կոչող հայտարարություններով: Նրանք հայտարարություններ են անում, որովհետև դա ընդունված է ներկայիս «քաղաքակիրթ» աշխարհում: Իսկ մնացյալն արդեն, ըստ նրանց, ինչի մասին, իհարկե, չեն ասում, կողմերի (իրականում` հարձակում կատարած ու նորին պատրաստ կողմի) ընտրության հարցն է, նրա որոշելիքը: Այս ամենից մենք զարմանում ու զայրանում ենք, իսկ նրանք, հավանաբար, զարմանում են մեր զարմանքից ու զայրույթից:

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի միջոցով երեկ կատարված ու Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված ԱՄՆ-ի հայտարարության  մեջ մասնավորապես նշված է.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է հաղորդումներին` Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ, զոհերով ու մարդկային կորուստներով ուղեկցվող ռազմական գործողությունների վերաբերյալ: Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը և կանխելու հետագա էսկալացիան»:

Ինչպես Պետդեպարտամենտը, այնպես էլ ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունն ընդհանրապես, քաջատեղյակ են, որ վերոնշյալ ռազմական գործողությունները նախաձեռնածը, դրանք ծրագրածն Ադրբեջանն է (եթե, իհարկե, հենց իրենք չեն ծրագրել, պլանավորել այդ գործողությունները), բայց կոչ են արել անհասցե:

Իսկ ԱՄՆ-ի «խորապես մտահոգված» լինելն ուղղակի կեղծ է, քանի որ Դոնբասում և Ուկրաինայում ընթացող ռազմական հակամարտությունից մենք հրաշալի գիտենք, թե Միացյալ Նահանգներն, առավել ևս` իր դաշնակիցների հետ միասին, երբ «խորապես մտահոգված» է լինում ընթացող ռազմական գործողություններով, ինչերի է ունակ` սկսած Ուկրաինային տարաբնույթ և ահռելի ռազմական օգնությունից, վերջացրած Ռուսաստանի ու նույնիսկ նրա դաշնակիցների (օրինակ` Բելառուսի) նկատմամբ դաժանագույն ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցները:

Նույնը կարելի է ասել նաև Եվրամիության արտաքին ծառայության երեկվա հայտարարության վերաբերյալ, որով ԵՄ-ն «կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ծավալվում են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և վայրերի շուրջ շփման գծի երկայնքով»: ՌԴ-ի դեմ մեկը մյուսի հետևից պատժամիջոցների փաթեթների ընդունումից հետո դժվար չէ հասկանալ, թե նույնիսկ նվազագույն ցանկության դեպքում ԵՄ-ն ինչեր կարող է անել Ադրբեջանի հանդեպ` նրան զսպելու նպատակով, ավելին` Ադրբեջանի պարագայում այդ պատժամիջոցների կիրառման նույնիսկ սպառնալիքը բավարար կլինի:

Վերոնշյալի առումով անկեղծ չենք կարող համարել ԵՄ ցավակցությունը` «Ցավոք, այս բախումներն արդեն մարդկային զոհերի և վիրավորների են հանգեցրել», այն կեղծ է: ԵՄ հայտարարության մեջ կեղծավորաբար նշված է նաև.

Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ լարվածության հաղթահարմանն օգնելուն և Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովմանն իր մասնակցությունը շարունակելուն»:

ԵՄ այդ «օգնությունն» արդեն նախկինում տեսել ենք, կասկած չունենք, որ այս անգամ էլ կտեսնենք, ավելի ճիշտ, արդեն տեսնում ենք` ԵՄ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանի զինուժը շարունակել է կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումը, վիրավորների թիվն ավելացել է:

Իսկ Ռուսաստա՞նը` հավանաբար կհարցնեն ընթերցողներից ոմանք…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան