Մանրամասներ՝ ռուս գեներալի և արցախցիների հանդիպումից․ «Ռադար Արմենիա»

ԼՂՀ Շուշիի շրջանի նախկին դատախազ Վահրամ Ղահրամանյանը «Ռադար Արմենիա»ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ մայոր Անդրեյ Վոլկովի և արտախորհրդարանական ուժերի և հկ-ների ներկայացուցիչների հետ  հանդիպումից։

Նրա խոսքով՝ Վոլկովը հավաստացրել է, որ կկարգավորվեն առաջացած խնդիրները. «Մենք ներկայացրինք մեր մտահոգությունները՝ նշելով, որ ռուս խաղաղապահները պարտավոր են պահպանել արցախահայերի անվտանգությունը։ Ռուս գեներալը մեզ ասաց, որ խաղաղապահների լիազորությունների շրջանակը մեծ չէ։ Հետո ասացին, որ իրենց վերադասին զեկուցել են, որ ադրբեջանցիները կոպտորեն խախտել են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները»։

Ըստ Ղահրամանյանի՝ խաղաղապահ առաքելության ղեկավարը խոստացել է, որ իրենք կկանխեն նման միջադեպերը և ավելի ինտենսիվ ծառայություն կիրականացնեն։

Հանդիպման ժամանակ գեներալը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների լիազորությունները մեծացնելու համար արդեն դիմում է ներկայացվել վերադասին։

Վահրամ Ղահրամանյանը նշեց՝ հանդիպմանը Բերձորից և շրջակա գյուղերից մարդկանց տարհանելու հարց չի քննարկվել։ Ինչ վերաբերում է Լաչինում այլընտրանքային ճանապարհին, Վոլկովն ասել է, որ այն պետք է գործի մեկուկես ամիս անց, և այն երկու կողմից վերահսկելու են ռուս խաղաղապահները։

Հիշեցնենք՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպել է Արցախի արտախորհրդարանական ուժերի և հկ-ների ներկայացուցիչների հետ։