«Խուժանապետության, լակոտակրատիայի դասական օրինակ է»․ ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի Հայրենադարձների հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 11-ին, հրավիրում է մասնակցնելու ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց տեղի ունենալիք բողոքի ակցիային։

«Հայաստանը վերածելով նեղ անձնական և խմբակային շահերի սպասարկման հարթակի՝ Փաշինյանի խմբակը մի քանի օրվա մեջ արդեն երրորդ սփյուռքահայ գործչին է արգելում ժամանել հայրենիք: Պատճառը ոչ միայն անհիմն է, այլև զավեշտալի: Եթե առաջնորդվենք Փաշինյանի հայրենադավ խմբակի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ ինչպես Փաշինյանի հայրենակործան քաղաքականության դեմ դուրս եկած պատվախնդիր սփյուռքահայերն իրավունք չունեն հայրենիք ժամանել, այնպես էլ ՀՀ-ում ապրող և նույն իշխանության դեմ դուրս եկածներն իրավունք չունեն ապրելու Հայաստանում: Այսինքն՝ ըստ այս տրամաբանության՝ ՀՀ-ն պատկանում է միայն, այսպես կոչված, նիկոլականներին կամ նրանց, ովքեր լոյալ են Փաշինյանի արկածախնդիր ու հայրենակործան քաղաքականության հետ:

Փաստենք՝ վերոնշյալը ոչ այնքան բռնատիրության, որքան խուժանապետության, լակոտակրատիայի դասական օրինակ է, որտեղ ամեն ինչ որոշվում է մեկ անձի կամ խմբակի քմահաճույքներով: Ցավում ենք նաև, որ երկրի իրավապահ համակարգը, ազգային անվտանգության ծառայության մարմիններն այդպես հլու-հնազանդ կատարում են այդ մեկ անձի խելացնոր որոշումները՝ բոլորովին հաշվի չառնելով այդ երևույթի ողբերգական հետևանքները հայոց պետականության և հայ ժողովրդի՝ իբրև հավաքական ամբողջության, գոյության վրա:

Սիրելի՛ հայրենակիցներ, օգոստոսի 3-ին՝ ժամը 11-ին, բոլորիդ հրավիրում ենք մասնակցնելու ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց տեղի ունենալիք բողոքի ակցիային»: