Վուչիչը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Կոսովոյի հետ կապված իրավիճակում աջակցության համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ին Կոսովոյում և Մետոհիայում սրման ժամանակ աջակցության համար։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վուչիչը երկուշաբթի երեկոյան այցելել է Գլխավոր շտաբ, որտեղ զրուցել է սերբական բանակի հրամանատարության հետ՝ նկատի ունենալով Կոսովոյում իրավիճակի սրումը։

«Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել, մենք միշտ մոռանում ենք, քանի որ դա անկասկած մեզ և նրանց համար՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների համար հասկանալի է, ովքեր ճշգրիտ նկատեցին տեղի ունեցողը և շատ ճիշտ արձագանքեցին», – հեռախոսով ասել է Վուչիչը TV Pink-ի եթերում:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին և ԵՄ մյուս ներկայացուցիչներին «ճիշտ արձագանքի» համար։

Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն կսկսի տարածաշրջանի հյուսիսում և կարգելափակի այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։

Վուչիչը հորդորել է Կոսովոյի իշխանություններին պահպանել խաղաղությունը և զգուշացրել, որ Կոսովոյում սերբերի դեմ ագրեսիվ գործողությունների դեպքում «Սերբիան կհաղթի»։

Ավելի վաղ Սերբիայի պաշտպանության նախարարությունը հերքել էր Կոսովոյի և Մետոհիայի տարածք ռազմական ուժերի տեղակայման մասին լուրերը և կոչ էր արել ապատեղեկատվություն չտարածել։