«Արևագորգի» վերջին հանգույցները կկապեն հուլիսի 28-ին
Հուլիսի 28-ին ժամը 18։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ցուցասրահում տեղի կունենա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ)՝ Մեգերյան կարպետի հետ համատեղ նախաձեռնած «Արևագորգի» վերջին հանգույցները կապելու արարողությունը։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնում են, որ «Կապիր, որ…» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել էր 2021թ. հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր «Արևագորգի» իր հանգույցը կապել և ամեն մի հանգույցի դիմաց 1,000 դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի) նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
«Հայկական ավանդության մեջ գոյություն ունի հանգուցելու հավատքը, որով ուժ, կարողություն ու խորհուրդ են փոխանցել սերնդեսերունդ։ «Արևագորգը» պատկանում է Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին։ Գորգի կենտրոնում պատկերված է ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված` որպես արևի և լույսի խորհրդանիշ և պաշտպանիչ ուժ:
Մոտ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, դպրոցականներ ու հանրահայտ սիրված անձինք ամեն օր այցելում էին Մարիոթ հյուրանոցի ցուցասրահ ու կապում գորգի իրենց հանգույցը։ Սփյուռքի մեր հայրենակիցները վիրտուալ հանգույցներ էին կապում megerian.1000plus.am կայքի միջոցով՝ այդ կերպ իրենց հոգածությունը և աջակցությունը ցուցաբերելով մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին։
Գործված «Արևագորգը» աճուրդի կհանվի, և հայկական գորգագործության արվեստի պահապան՝ Մեգերյան կարպետ ընկերությունը աճուրդից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Միջոցառմանը ներկա են լինելու զինհաշմանդամություն ունեցող ԶԱՀ շահառուները, իրենց հանգույցը կապած անհատներ ու ճանաչված անձինք, ինչպես նաև նախաձեռնության աջակիցները..»,- հայտնում են հիմնադրամից։