ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, դրանց ընթացքում «քննարկել Երևանի և Բաքվի  միջև խաղաղության հասնելու «պատմական հնարավորությունը»»։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարների հետ առանձին զրույցներում ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ ունեն «պատմական հնարավորություն՝ հասնելու տարածաշրջանում խաղաղության»։

Պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կրկնել է ԱՄՆ-ի աջակցության առաջարկը՝ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանն օգնելու հարցում: Բացի այդ, Բլինքենը կոչ է արել շարունակել «երկկողմ՝ Երևան-Բաքու երկխոսությունը, ինչպիսին էր, օրինակ, վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»:

Պետքարտուղարը նաև հաստատել է ԱՄՆ աջակցությունը ԵՄ միջնորդական առաքելությանը: Միաժամանակ Բլինքկենը  վստահեցրել է, որ Վաշինգտոնը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է «երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ համագործակցել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին ապահովելու երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»։

Պետքարտուղար Բլինքենը Ալիևի հետ զրույցում կողմ է արտահայտվել, որ Բաքուն ազատ արձակի մնացած բոլոր հայ գերիներին։