Գերմանիայի փոխկանցլերը խոսել է, թե որ դեպքում Գերմանիան պարտություն կկրի Ռուսաստանից

«Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը կլինի Գերմանիայի պարտությունը Ռուսաստանից, ZDF-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

Նրա կարծիքով՝ գազատարի մեկնարկը խորհրդանիշ կլիներ այն բանի, որ Մոսկվան ոչնչացրել է եվրոպական պատժամիջոցները և հասել է իր նպատակներին։

«Դա կլինի սպիտակ դրոշի բարձրացում Գերմանիայում և Եվրոպայում: Մենք չպետք է դա անենք»,- ասել է Հաբեկը:

Նա հավելել է, որ Գերմանիան պետք է ավելի խնայողություն ցուցաբերի էներգառեսուրսների ծախսման հարցում, և մատնանշել է Բեռլինի կողմից գազի այլընտրանքային մատակարարներ գտնելու անհրաժեշտությունը։

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքն ուժեղացրեց պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ Որոշ երկրներ հայտարարել են ռուսական ակտիվների սառեցման մասին, իսկ Եվրոպայում ավելի հնչեղ են դարձել ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու կոչերը։ ԵՄ-ն արդեն ընդունել է պատժամիջոցների յոթ փաթեթ՝ ներառյալ ածխի և նավթի էմբարգոն: