Իրաքի տարբեր քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են․ Իրանագետ

Այն լայնածավալ ընդգրկումը և օպերատիվությունը, որով իրանական ԶԼՄ-ները տարածում են Իրաքի տարբեր քաղաքներում ծայր առած հակաթուրքական բողոքի գործողությունների մասին տեղեկատվությունը, չի կարելի այլ բան անվանել, քան լրատվական աջակցություն։

Ի դեպ, Իրաքում բողոքի գործողությունների թիրախ են դարձել գրեթե բոլոր թուրքական ներկայացուցչությունները, իսկ հեղինակավոր շիա առաջնորդ Մուկթադա ալ-Սադրը Թուրքիայի հասցեին հանդես է եկել ծայրահեղ կոշտ հայտարարություններով, որոնք սոցցանցերի իրաքցի որոշ օգտատերեր գնահատել են պաշտոնական Անկարայի դեմ «պատերազմի կոչ»։

Իրաքցի ցուցարարարների բողոքի գործողությունները և թուրքական ներկայացուցչությունների վրա հարձակումները սկսվել են այն բանից հետո, երբ Իրաքի Քրդստանի տարածաշրջանում թուրքական հրետանու հարվածներից զոհվել են մոտ մեկ տասնյակ խաղաղ քաղաքացիներ։

Թուրքական պաշտոնական շրջանակները հերքում են, որ քաղաքացիական անձանց մահվան պատճառ դարձած հարվածները հասցրել է Թուրքիայի զինուժը։

 

Վարդան Ոսկանյան