«Մենք խորհուրդ չենք տա». Պենտագոնը կոչ է արել Իրանին զերծ մնալ Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելուց

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը վատ գաղափար է անվանել Ռուսաստանի Դաշնությանը ռազմական օգնության տրամադրումը, նա խորհուրդ է տվել Թեհրանին չաջակցել Մոսկվային։

Ռուսաստանն ու Իրանը նախկինում հերքել էին Սպիտակ տան այն մեղադրանքները, թե իրենք համաձայնություն են պատրաստում, որով հարյուրավոր իրանական անօդաչու սարքեր կհանձնվեն Ռուսաստանի Զինված ուժերին:

«Մենք Իրանին խորհուրդ չենք տա դա անել: Կարծում ենք, որ սա իսկապես, իսկապես վատ գաղափար է: Եվ ես կսահմանափակվեմ այսքանով», – Օսթինի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես գրում էին լրատվամիջոցները, Մոսկվան և Թեհրանն իբր քննարկում էին մոտ 300 անօդաչու թռչող սարքերի տեղափոխման հարցը, և հրապարակել էին արբանյակային լուսանկարներ, որոնցում, ըստ նրանց, Իրանը ցուցադրում է իր տեխնիկան ռուսական պատվիրակությանը։

Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անօդաչու սարքերի մատակարարման հարց չի քննարկել ո՛չ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, ո՛չ էլ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ։