Զոհված զինծառայողների ևս 50 մասունք է ուղարկվել Նիդերլանդներ. Անահիտ Ավանեսյան

«Վերջին մեկ ամսում ունենք քովիդով հիվանդացության աճ, և, իհարկե, այն պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձանագրելով, որ եվրոպական երկրներում վարակի ալիքն աճում է:

Նա հայտնեց, որ նախարարությունը կանխատեսում էր ճամփորդությունների ակտիվացման պատճառով վարակի ներթափանցում:

«Մենք զգոն կերպով հետևում ենք, և առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման, ալիքների մեծացման»,-հավաստիացրեց Ավանեսյանը և հավելեց, որ առաջիկա շաբաթները ցույց կտան՝ վարակի ալիքը աճելո՞ւ է, թե գնում է կայունացման:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարարը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ՝ լրացուցիչ գենետիկական փորձաքննության, քանի որ դրանք շատ են վնասված:

Ավանեսյանը հայտնեց, որ արդյունքները լինելուն պես նախարարությունը լրացուցիչ պարզաբանում կտարածի:

Առողջապահության նախարարի խոսքով՝ ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար փորձաքննության ենթարկվող մասունքներ են, բայց կա նախնական գնահատական, որ, հնարավոր է, դրանց հետ աշխատել: