Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ

Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ. Այս մասին չորեքշաբթի հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրին։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլն արվել է ի պատասխան ուկրաինական կողմի գործողությունների՝ փոխադարձության սկզբունքով։

«Ուկրաինայի կառավարությունը գործնականում խզել էր հարաբերությունները Սիրիայի հետ դեռ 2018 թվականից, երբ հրաժարվել էր մուտքի արտոնագրեր տրամադրել Կիևում դեսպանատանը աշխատող սիրիացի դիվանագետներին։ Դա անհնարին է դարձրել նրանց դիվանագիտական պարտականությունների կատարումը, և Սիրիայի դեսպանատունը ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը ուկրաինական իշխանությունների թշնամական վերաբերմունքի պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 30-ին Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարեց Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ առանց հյուպատոսական հարաբերությունների խզման՝ ի պատասխան Դամասկոսի՝ ԼԺՀ-ն և ԳԺՀ-ն ճանաչելու որոշմանը։ Սիրիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ ուկրաինական կողմը Դամասկոսում դեսպանատունը փակել է դեռևս 2016 թվականին, ինչպես նաև հրահանգել է փակել Կիևում Սիրիայի դեսպանությունը 2018 թվականին։ Սիրիայում ուկրաինացիների շահերը պաշտպանում է Լիբանանում Ուկրաինայի դեսպանությունը: