Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 6

Սկիզբը` այստեղ 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 18-ին «Իզվեստիա»-ի համար բացառիկ հոդվածում հնարավոր է համարել, որ ուկրաինացի զինվորականներին ՆԱՏՕ-ի նշանառուները, այսինքն` կրակն ուղղորդողներն են ղեկավարում «ցամաքի վրա», տեղում։

Իրականում ոչ թե այդ կապակցությամբ կասկածներ կան կամ դա հնարավոր է, այլ Ուկրաինայում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ծպտված կերպով պատերազմում են Ռուսաստանի դեմ, ընդ որում, ոչ միայն ուկրաինացի զինվորականներին իրենց ուղղորդողների, հրահանգիչների միջոցով տեղում ղեկավարելով: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն Ուկրաինա առաքած ռազմական տեխնիկայի, զենքերի որոշ մասն իրենց զինվորականների, մասնագետների միջոցով ուղղակիորեն են գործադրում Ռուսական բանակի դեմ:

Լավրովն, իհարկե, քաջատեղյակ է այս ամենին, իրազեկված է համապատասխան պաշտոնյաների կողմից, պարզապես արտահայտվել է դիվանագիտորեն, մեղմ` խուսափելու համար առանց այն էլ լարված իրավիճակի առավել լարումից:

«Նատօյական հրահանգիչները և ՀԿՌՀ-երի (համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի.- Ա.Հ.) նշանառուներն արդեն, դատելով ամենից, անմիջականորեն ղեկավարում են ՈւԶՈւ-ի (Ուկրաինայի Զինված ուժերի.- Ա.Հ.) և ազգային գումարտակների գործողությունները «ցամաքի վրա»,- «Известия»-ի տեղեկացմամբ, գրել է ՌԴ արտգործնախարարը:- Հուսամ, որ եվրոպացիների մեջ մնացել են պատասխանատու քաղաքական գործիչներ, որոնք գիտակցում են, թե դա ինչ հետևանքներով է հղի»:

Նկատենք, որ խոսքը ոչ թե օտարերկրյա վարձկանների մասին է (ՌԴ ՊՆ տվյալներով՝ հուլիսի 12-ի դրությամբ՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր, Ուկրաինա է ժամանել 7107 վարձկան, 4366 մարտիկ սպանվել կամ լքել է մարտական ​​գոտին, իսկ 2741-ը շարունակում է մասնակցել հակամարտությանը), այլ հենց ՆԱՏՕ-ի զինծառայողների, ռազմական մասնագետների: Արևմուտքը ոտք- ոտք առաջ է գալիս…

Լավրովը հիշեցրել է, որ Եվրամիությունում կամ ՆԱՏՕ-ում որևէ մեկը չշշփռեց, կարգի չբերեց Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Ինգո Գերհարցին, որը հայտարարել է միջուկային զենքի կիրառմանը պատրաստվելու անհրաժեշտության մասին։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունը տեղային, սահմանափակ բնույթ չի կրում, բացի այդ, կա դրա հետագա ընդլայնման հավանականություն: Դժվար է չհամաձայնել Վուչիչի այս գնահատականի հետ:

Rbc.ru-ի փոխանցմամբ , Սերբիայի նախագահը Pink TV-ի եթերում ասել է, որ ամբողջ արևմտյան աշխարհը կռվում է Ռուսաստանի հետ ուկրաինացիների միջոցով, ուստի այս հակամարտությունը կարելի է համարել գրեթե գլոբալ:

Վուչիչը նշել է, որ համաշխարհային քաղաքականության մեջ այս փոփոխությունների կապակցությամբ վախենում է Բալկաններում 1990-ականների հակամարտության «երկրորդ մասի» առաջացումից։ Ըստ նրա, Ուկրաինայում հակամարտությունը «կտևի մեկ տարուց ավելի»…

Սերբիայի նախագահի համոզմամբ, դժոխքը բոլորին է սպասում, եթե Արևմուտքը չընդունի Պուտինի պայմանները:

«Ես գիտեմ, թե մեզ ինչ է սպասվում,- օրերս, «РИА Новости»-ի փոխանցմամբ , ասել է Վուչիչը:- Հենց որ Վլադիմիր Պուտինն ավարտի գործերը Սևերսկում, Բախմուտում և Սոլեդարում, իսկ հետո երկրորդ գծում՝ Սլավյանսկ-Կրամատորսկ-Ավդիևվկա, կհետևի նրա առաջարկը: Եթե նրանք չընդունեն դրանք, և նրանք մտադիր չեն ընդունել, մենք դժոխք կգնանք»:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության սրման ժամանակ ՉԺՀ-ն անգործության չի մատնվի: Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ իր երկիրն Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակում ներգրավված պետություններից չէ, սակայն մտադիր չեն «ձեռքերը ծալած նստել ու կողքից պասսիվորեն հետևել նրան, ինչ կատարվում է»: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ , այսօր հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Նախկին դիվանագետ Ռոստիսլավ Իշչենկոն Ukraina.ru-ի սյունակում, РИА Новости-ի փոխանցմամբ , հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ուկրաինայում Լեհաստանի քաղաքացիներին հատուկ կարգավիճակ տալ` Վարշավայի կողմից Ուկրաինայի արևմուտք զորքեր ուղարկելու դիմաց: Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել Ուկրաինայում լեհերի հատուկ կարգավիճակի մասին օրինագիծ։

Նախկին դիվանագետը նշել է, որ այս նորմի ընդունումը նախկին խորհրդային հանրապետությունը կդարձնի իր արևմտյան հարևանի պրոտեկտորատը, և վստահություն է հայտնել, որ օրինագիծը շուտով կհաստատվի Ռադայի կողմից։

«Փոխարենը Կիևն ակնկալում է (Վաշինգտոնը և Լոնդոնը նույնպես) տեսնել 20 000 լեհ զինվորականներ Արևմտյան Ուկրաինայում,- գրել է Իշչենկոն։- Զելենսկուն դա անհրաժեշտ է արևմտյան շրջաններից 30 000 ուկրաինական կանոնավոր զորքեր և 20- 30 հազար տարածքային պաշտպանության զինծառայողներ արևելյան ճակատ տեղափոխելու համար»:

Նախկին դիվանագետը հավելել է, որ Լեհաստանը դժվար թե սահմանափակվի Ուկրաինա իր զորքերի մուտք գործելու համար Կիևի հետ համաձայնեցված պայմաններով ու կփորձի գրավել երկրի առավելագույն հնարավոր մասը։ Եթե սա տեղի ունենա, ապա, կարծում ենք, դժվար չէ հասկանալ, թե այն ինչ վտանգներով է հղի Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության շարունակման պայմաններում:

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Լեհաստանի ղեկավարությունը սկսել է Ուկրաինայի փաստացի մասնատման սցենարներ մշակել։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան