ԵՄ-ը չի վերացնի պատժամիջոցները «Մոսկվայի պայմաններով»․ Շոլց

Եվրամիությունը չի հանի Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները Դոնբասի հանրապետությունները պաշտպանելու համար Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության պատճառով, եթե խաղաղությունը կնքվի Մոսկվայի «պայմաններով», թեև շատ գերմանացիներ տառապում են գնաճից։  Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Որ մենք պետք է երկար ժամանակ պահպանենք պատժամիջոցները, մեզ համար պարզ էր ի սկզբանե։ Մեզ համար պարզ է նաև, որ Ռուսաստանի կողմից սահմանված պայմաններով խաղաղության հաստատման դեպքում այդ պատժամիջոցներից և ոչ մեկը չի հանվի»,- գրել է Գերմանիայի կանցլերը Frankfurter Allgemeine Zeitung-ի սյունակում:

Բացի դրանից, Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ գերմանացիներից շատերին սպառնում է բենզինի ու սննդամթերքի գների զգալի աճ, ինչպես նաև «անհանգստությամբ» են նայում էլեկտրաէներգիայի և վառելիքի հաշիվներին։

«Այս ճանապարհը հեշտ չէ նույնիսկ այնպիսի հզոր, բարեկեցիկ երկրի համար, ինչպիսին մերն է։ Մեզ շատ տոկունություն պետք կգա»,- ասել է Շոլցը:

Ավելի վաղ «Թելեգրաֆի» լրագրողը գրել էր, որ Գերմանիայում էներգետիկ ճգնաժամը կարող է հանգեցնել կանցլեր Օլաֆ Շոլցի հրաժարականին։ Պարբերականի տվյալներով՝ ընտրողների երկու երրորդը դժգոհ է Գերմանիայի կանցլերի քաղաքականությունից և նրան անկարող է համարում ապահովել Գերմանիայի էներգետիկ անվտանգությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: