Արմեն Գրիգորյանը ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է. ՀԿ-ների ցավակցական ուղերձը
Մի քանի հասարակական կազմակերպություններ ցավակցական ուղերձ են հղել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:
Հայտարարությունն ամբողջությամբ ստորև.
«Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:
Մխիթարանքի մեր խոսքն ենք հղում և զորակցություն հայտնում բոլորին:
Այս մահը մեծ կորուստ է բոլոր ազգասեր հայերի համար:
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
Արժանապատիվ հայրենակիցնե՛ր,
Հուլիսի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Կենտրոն» նստավայրում «հանկարծամահ» եղավ հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի էր իբրև այլախոհ և ներկա իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող անհատ:
Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ս.թ. մայիսի 17-ին իբր թե ազգային, ռասայական և կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով: Խախտելով անմեղության կանխավարկածը՝ նրա նկատմամբ ԱԱԾ-ն գործադրել էր ձերբակալման անմարդկային դաժանություն: Որևէ դիմադրություն ցույց չտվող քաղաքացուն բերման էին ենթարկել որպես առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի: Նրան բերման ենթարկելու ստորացուցիչ կադրերը տարածվել են համացանցում: Դժվար չէ ենթադրել, թե ինչ հոգեկան և ֆիզիկական կտտանքների է ենթարկվել Ա. Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու շուրջ 2 ամիսների ընթացքում: Մեր խորին համոզմամբ՝ Ա. Գրիգորյանը սույն ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Ա. Գրիգորյանին ձերբակալել են 2022թ.-ի մայիսի 17-ին այն արտահայտությունների համար, որոնք նա արել էր ավելի քան 1 տարի առաջ: Եթե նրա ասածներն իրենց մեջ պարունակում էին հանցակազմի տարրեր, ապա ինչո՞ւ նրան ձերբակալեցին մեկ տարի հետո:
Մենք կարծում ենք, որ նրա մահը կանխամտածված գործողությունների հետևանք է, որն, ըստ էության, սպանություն է: Պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով: Ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաև ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը:
Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է, դա՛ է մեր համոզմունքը»:
«Պահեստազորի սպաներ» շարժում
«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ
«Հայ ազգային գվարդիա» ՀԿ
«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ
«Վերադարձ» հիմնադրամ