Կարգավիճակի մասին խոսելը Հայաստանի համար շատ վտանգավոր է, մենք կարող ենք կարգավիճակ պահանջել Զանգեզուրի համար. Ալիև

Կարծում եմ, որ կարգավիճակի մասին խոսելը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև մենք կարող ենք կարգավիճակ պահանջել Զանգեզուրի համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Վերջերս Հայաստանի ղեկավարը սկսեց խոսել ինչ-որ կարգավիճակի մասին, սակայն, երբ պատերազմն ավարտվեց, երբ Հայաստանը ստիպված եղավ ստորագրել կապիտուլյացիայի ակտը, մեր՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև բանավոր պայմանավորվածություն կար, որ արգավիճակի հարցը չի շոշափվում: Հայաստանը որոշ ժամանակ հետևեց դրան, բայց վերջերս երբեմն իրենց վարչապետը, երբեմն էլ իրենց արտգործնախարարը խոսում են Ղարաբաղի կարգավիճակի մասին»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ կարգավիճակի մասին խոսելը շատ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ կարող են իրենք էլ կարգավիճակ պահանջել Զանգեզուրի համար:

«Այս բացասական միտումները գնալով ուժեղանում են։ Առայժմ սա լուրջ բարդության չի վերածվել։ Բայց եթե այդ միտումները չկանխվեն, մի օր դա կարող է ունենալ հետևանքներ։ Մենք դա չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք պատերազմ չենք ուզում, երբեք էլ չենք ուզել:

Չեմ ուզում շատ խորանալ։ Սպասում ենք վաղը արտգործնախարարների հանդիպման արդյունքներին։ Մենք կորոշենք, թե դրանից հետո ինչ քայլեր են ձեռնարկվելու»,- ասել է նա: